Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նար-Դոս փողոցում գտնվող Երևանի ալրաղացի պահեստները քանդելու ժամանակ տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նա պարզաբանել է, որ շենքի փլուզման հետեւանքով քարերն ընկել են հարեւանությամբ գործող խաղալիքների պահեստի, ինչպես նաեւ Երեւանի մետրոպոլիտենի երկաթգծերի վրա, ինչի հետեւանքով խաղալիքի վարձակալը, պահեստը և գույքի սեփականատերը զգալի վնասներ են կրել։
Քննիչները քրեական գործ են հարուցել ՔՕ 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով)։
Նախաքննությամբ տեղեկություն է ձեռք բերվել, որ ալրաղացի ոչ պիտանի պահեստի քանդումն իրականացրել է անհատ ձեռներեցը, որը նախկինում գործարանի հետ կնքած համապատասխան պայմանագրի հիման վրա քանդել է բազմաթիվ այլ պահեստներ։ Դեպքի շրջանակներում կատարվել են հարցաքննություններ, առգրավվել են անհրաժեշտ փաստաթղթերը, նշանակվել է բազմակողմանի դատատեխնիկական և ապրանքատեխնիկական փորձաքննություն։
Հիշեցնենք, որ ապամոնտաժման ժամանակ մետրոյի ռելսերի վրա բեկորներ են թափվել, ինչի պատճառով մետրոյի աշխատանքը դադարեցվել է։ Գործակալության տվյալներով՝ դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և այլ ուժեր, իսկ ժամը 15:10-ին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերսկսվել է։