Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Անլրջության ինչպիսի մակարդակ, թե բա` Ադրբեջանը չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին... Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարվում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ունի»,- գրել է պատգամավորը՝ հավելելով, որ երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցները փաստորեն Ադրբեջանի բանավոր խոստումներով են առաջնորդվել, որի հետևանքով ՀՀ-ն հերթական անգամ տարածքային կորուստներ է ունենում, իսկ Ադրբեջանը դիրքավորվում իր համար նսխընտրելի ու բարենպաստ հատվածներում:
Մեջբերելով ԱԱԾ-ի տարածած հայտարարությունը, թե «հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ», Աբրահամյանն ասում է՝ այս սկզբունքի պտուղները 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը տեսել է` ՀՀ-ի դեմ հարձակումներ, տարածքային ու մարդկային հսկայական կորուստներ:
«Քաղաքական որոշումների կամ դրանց բացակայության պայմաններում ՀՀ-ն տարածքային ու դիրքային կորուստներ է ունեցել, ինչը ՆՈՐՄԱԼ երկրների պարագայում իրավական համապատասխան գործընթացների կբերեր, բարձրագույն պաշտոններում գտնվողներն էլ կթռչեին իրենց պաշտոններից»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Սյունիքում երեկ ադրբեջանական կողմը՝ չսպասելով ճշգրտումներին, սահմանին տեղակայել է իր զորքերը։ Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: