Найти тему
Հայաստանն այսօր

Մեզ համար խոցելի հատվածներում Ադբեջանի ԶՈւ-ն է, Հայաստանի որոշումը համարժեք չէ. փորձագետ

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը ոչ համարժեք է գնահատում պաշտոնական Երևանի այն որոշումը, ըստ որի՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով և այդ հատվածից ՊՆ-ի ստորաբաժանումները դուրս են գալու, ու նրանց փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերը:

Ադրբեջանն ուզում ցանկացած հարց ուժով լուծել, Հայաստանի կեցվածքը համարժեք չէ

Հայկ Նահապետյանն Armenia Today-ի հետ զրույցում ընդծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին սահմանապահ զորքերի տեղակայման գործընթացն սկսվել է դեռ 2016-ին, բայց Ադրբեջանի այդ զորքերը 2016-ից սկսած ոչ միայն սահմանապահ, այլև, անհրաժեշտության դեպքում, կարող էին նաև պաշտպանություն իրականացնել իրենց սահմանին:

«Խաղաղության պայմանագիր կոչվածն ու այն մեխանիզմները, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը խոսում է, իրականում երկու երկրների սահմաններում բանակային ստորաբաժումների հետքաշումն է և դրանց փոխարինումը սահմանապահ զորքերով: Հիմա Փաշինյանն այդ մասին ասում է՝ Ադրբեջանից արձագանքի սպասելով, որը վաղուց այդ գործընթացն իրականացնում է»,- ասաց Նահապետյանը։

Նա շեշտեց, որ խոսքը չի վերաբերում այն տարածքներին, որոնք Ադրբեջանն «իրենն» է համարում ու ինքն է որոշում՝ այդ հատվածներում սահմանապահ զորքե՞ր, թե՞ բանակային ստորաբաժանումներ լինեն:

«Օրինակ՝ Ադրբեջանի առաջխաղաղման նպատակն Արցախն ամբողջությամբ բանակային ստորաբաժանումներով շրջափակելն է, որ Արցախը տոտալ բլոկադայի մեջ առնի: Ադրբեջանը վաղ թե ուշ ևս սահմանապահ զորքեր է տեղակայելու, բայց իր նշած դելիմիտացիայի, Ալիևի կողմից Թալիշում հայտարարած «29 հազար քառակուսի կիլոմետրի» սահմաններում: Խնդիրն այն է, որ Ադրբեջանն ուզում է ցանկացած հարց ուժով լուծել, ինչին Հայաստանի կեցվածքը համարժեք չէ: Խաղաղ գոյակցության իրական մեխանիզմների համաձայն՝ այո՛, սահմանին պետք է բանակային ստորաբաժանումներ չլինեին: Եթե կա բանակային ստորաբաժանում, նշանակում է՝ ցանկացած պահի որևէ կողմ կարող է ռազմական գործողություն իրականացնել, իսկ սահմանապահ զորքերը, ըստ այդ մեխանիզմի, բանակային լրջագույն օպերացիաներ չեն իրականացնում: Հիմա Փաշինյանը, փաստորեն, ասում է՝ սահմանապահ զորքեր եմ բերում այն ժամանակ, երբ Ադրբեջանն Արցախը շրջափակում է բանակային ստորաբաժանումներով»,- շեշտեց ռազմական փորձագետը:

Մեզ համար խոցելի հատվածներում Ադրբեջանը ոչ թե սահմանապահ, այլ բանակային ստորաբաժանումներ է տեղակայում

Նահապետյանի խոսքով՝ Ադրբեջանը 2016-ից սահմանային զորքերի տեղակայումն սկսել էր Տավուշի մարզի ուղղությամբ:

«Մեզ համար խոցելին այսօր հիմնականում Վայքի հատվածն է, Սյունիքի մարզն է, իսկ նշված տարածքների սահմանային հատվածներում Ադրբեջանը որևէ սահմանապահ զորք չի տեղակայում: Այնտեղ հիմնականում բանակային ստորաբաժանումներն են, ընդ որում՝ բավականին լուրջ կուտակումներով, որն իր մեջ առարկայական վտանգ է պարունակում: Այսինքն, ցանկացած պահի Ադրբեջանը կարող է լայնածավալ գործողություններ սկսել, ինչի մասին պարբերաբար հայտարարում է Նիկոլ Փաշինյանը»,- հավելեց նա:

Այն, որ մի կողմում կարող են լինել Ադրբեջանի ԶՈւ ստրաբաժանումները, մյուս կողմում՝ ՀՀ սահմանապահ զորքերը, Նահապետյանն այլ վտանգ էլ մատնանշեց. «Խոսքն Ալիևի կողմից բազմիցս հայտարարած այն մտքի մասին է, որ Հայաստանն, այնուամենայնիվ, պետք է տա «Զանգեզուրի միջանքը»: Ադրբեջանն այդ «միջանցքը» կարող է միայն զինական առումով ստանալ, որովհետև իրավական և պետությունների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ որևէիցե ձևով այդ մասին խոսք չկա: Մի կողմից Ադրբեջանն, իբր, պատրաստակամություն է հայտնում կատարել եռակողմ հայտարարությունը, մյուս կողմից՝ Հայաստանի որոշ շրջանների մոտ բավականին լուրջ ռազմական տեխնիկա և զինուժի ներգրավվածություն է ապահովում՝ սպառնալով ուժով վերցնել այն, ինչը, ըստ Ադրբեջանի, «իրենն է»: Հայաստանի արձագանքը նշվածին ևս համարժեք չէ»:

Որո՞նք են Ադրբեջանի ծրագրերը խանգարող գործոնները

Ըստ ռազմական փորձագետի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծում կա:

«Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ՀԱՊԿ-ը Հայաստանին ռազմական օժանդակության մի ամբողջ փաթեթ առաջարկեց, նաև լրջագույն զորավարժություններ: Ի դեպ՝ երեկ ՌԴ ԱԳՆ-ն փոխնախարար Միխայիլ Գալուզինի շուրթերով վերահաստատել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը: Ադրբեջանն այսօր բարձրաձայնում է իր խնդիրը, բայց Փաշինյանը ոչ միայն իրավիճակը համարժեք չի գնահատում, այլև դրան համարժեք քայլեր չի անում: Միակ լուծումը ՀԱՊԿ-ի ներկայությունն է սահմանին, որն Ալիևին զսպելու առարկայապես կանխարգելիչ իրավիճակ կստեղծի»,- ասաց նա:

Այս առումով նա մեկ այլ գործոնի մասին նշեց. «Սահմանապահ զորքերը երկրի սահմանների պահպանության և անհրաժեշտության դեպքում պահպանությունից պաշտպանության անցնելու որևէ գործառույթ չեն կարող իրականցնել ո՛չ թվաքանակով, ո՛չ զինվածությամբ, ո՛չ էլ մարտական պատրաստվածությամբ: Այստեղ Ադրբեջանի ծրագրերը խանգարող գործոն կարող է լինել Իրանի ռազմաքաղաքական ու հոգևոր ղեկավարության դիրքորոշումը, ըստ որի՝ իրենք Հայաստանի և Իրանի միջև պատմական սահմանների որևէ փոփոխություն թույլ չեն տա: Իրանը գործնականում նաև ուժի ցուցադրության դիրքերից է իր ասածը հիմնավորում»:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում Փաշինյանը հայտնել է Լաչինի երթուղու փոփոխության մասին: Նա նշել է, որ նախօրեին ադրբեջանական կողմին տեղեկացրել են, որ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով և ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։

Աննա Բադալյան

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում