Найти тему
Հայաստանն այսօր

«Սուրմալու» տոնավաճառը վերաբացելու որոշում կա․ տրվել է կարգադրագիր

«Սուրմալու» տոնավաճառը վերաբացելու վերաբերյալ որոշում կա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

Նշվում է, որ տեսչական մարմինը 2023 թվականի մարտի 23-ին վերահսկողություն է իրականացրել Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում՝ («Սուրմալու» տոնավաճառ) նախկին վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։

Ըստ այդմ՝ տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ ընկերությունում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքում էապես նվազել է հրդեհի առաջացման սպառնալիքը, և վերացել է ընկերության գործունեությունը մասնակի կամ ամբողջովին դադարեցնելու հիմքը։

Ուստի, առկա հանգամանքների ուսումնասիրության արդյունքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից մարտի 30-ին որոշում է կայացվել թույլատրել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գործունեությունը։ Միևնույն ժամանակ ընկերության տնօրենին տրվել է կարգադրագիր, որով սահմանվել է հստակ ժամանակացույց՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների դեռևս առկա խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ ամբողջությամբ դադարեցվել է «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ՓԲ ընկերության գործունեությունը։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով կրկին կալանավորվել է առևտրի կենտրոնում պահեստ վարձակալած գործարարը։ Դատարանը կալանավորել է նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովային։ Բացի առևտրի կենտրոնի տնօրենից և պահեստի վարձակալից, գործով անցնում են ևս 2 հոգի։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի էր ունեցել պայթուն, որի հետևանքով 16 մարդ մահացել էր, ավելի քան 60 քաղաքացի ստացել էր մարմնական տարբեր վնասվածքներ:

«Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատակիցները մարտի 23-ին բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով վերականգնել օբյեկտի աշխատանքը։ Նրանք պնդում էին, որ կենտրոնի փակվելուց հետո կրկնակի ստուգումներ չեն անցկացնում հետագա աշխատանքների վերականգնման համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում