Найти в Дзене
Հայաստանն այսօր

Պետությունից 100 դոլար անգամ չեմ տարել․ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը՝ իր գումարների մասին

Ընկերներիս շնորհիվ եմ հարստացել, պետությունից 100 դոլար անգամ չեմ տարել։ Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող ապօրինի գույքի գործով դատական նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ի՞նչ 8 միլիոն, դատախազությունն է ներկայացրել այդ թիվը, իրենց էլ հարցրեք։ Եկել եք այստեղ ի՞նչ անեք։ Ես պնդում եմ, որ ապօրինի գույք չունեմ»,- ասաց Վաչագան Ղազարյանը։

Պատասխանելով այն հարցին, թե գումարներ է կուտակել հասարակության հարկերի շնորհիվ, Ղազարյանը պատասխանեց․ «Դա ձեր շնորհիվ չէր, ընկերներիս շնորհիվ է։ Ընկերներիս գումարներն է։ Պատրոն Դավոյին չկապեք այս պատմության հետ, նա ընդհանրապես կապ չունի։ Ընկերներիս գումարներն են, անուններ չեմ տա, ժամանակը կգա՝ կիմանաք։ Դատարանում 1 միլարդ դրամ գրավ են մուծել ինձ համար, ովքե՞ր են տվել, ընկերներս։ Անուննե՞ր, ամբողջ աշխարհը գիտի, դուք չգիտեք»։

Ղազարյանը նշեց, որ սուտ է տեղեկատվությունը, թե Սերժ Սարգսյանի հետ շփումներ չկան։ Նա նշեց նաև, որ հարկեր չի թաքցրել, ապօրինի գործունեությամբ չի զբաղվել։

Հարցին, թե սովորական թիկնազորի պետն ինչպե՞ս կարող էր այդքան հարստանալ, Ղազարյանը պատասխանեց․ «Սովորական չի։ Եթե նա ունի շրջապատ, ամեն ինչ էլ կարող է»։

Նա նշեց նաև, որ 17 գույք չունի, ինչպես ներկայացնում է դատախազությունը։ «1993 թվականից ինչ առուվաճառք կատարվել է, բոլորը հաշվել են։ Պետությանը ինչ-որ տվել եմ, դա արդեն շատ է, ես տալու բան չունեմ։ Պետությունից ոչինչ չեմ թաքցրել, բանկում դրած ավանդը թաքցվա՞ծ է, 10 տարվա բանկում դրված գումարը։ Պետությունից 100 դոլար անգամ չեմ տարել»։

Ղազարյանը նաև հավելեց, որ դատախազությունը սխալ հաշվարկներ է արել և համոզմունք հայտնեց, որ հաղթելու է։ Նա չբացառեց նաև պետության հետ հաշտության գալու հնարավորությունը։

Թե ինչու դատական նիստերը չեն լուսաբանվում, Ղազարյանը պատասխանեց․ «Ես չեմ առարկում, դուք եք ուշանում։ Փոխանակ գաք, լավություն անեք, նկարեք, լուսաբանեք, ուշանում եք, դատավորը ձեզ վրա բարկանում է»,- ասաց նա։

Ավելի վաղ դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» համալիրի տնօրենի նկատմամբ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում