Найти тему
Հայաստանն այսօր

Գեղարքունիքում բռնությամբ միջամտել են պարեկների գործունեությանը․ կիրառվել է արցունքաբեր գազ, ֆիզիկական ուժ․ ՔԿ

Գեղարքունիքի մարզում 3 անձինք բռնության կիրառմամբ միջամտել են պարեկների օրինական ծառայողական գործունեությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Մարտի 24-ին Ծովակ գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղ ընկած ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող պարեկները նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, նկատել են կայանված «Վազ 2114» մակնիշի ավտոմեքենա: Ելնելով կայանված դիրքից՝ վերջիններս, կարծելով թե օգնության կարիք կա, մոտեցել են նշված ավտոմեքենային, որից իջել են երեք անձինք:

Նրանցից մեկը՝ Գեղարքունիքի մարզի 29-ամյա բնակիչը, սկսել է հայհոյել պարեկային ծառայողներին, որից հետո վերջիններիս են մոտեցել նաև նույն մարզի 30 և 31-ամյա բնակիչները և նույնպես սկսել են հայհոյել: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը քաշքշել ու հարվածել է պարեկներին, ինչպես նաև պոկել է նրանցից մեկին ամրակցված տեսախցիկը և փորձել պոկել մյուս ծառայակիցների տեսախցիկները։ Իսկ 29-ամյա տղամարդը ոտքով հարվածել է պարեկային ծառայության ավտոմեքենայի աջ հատվածին՝ վնասելով այն»,- ասված է հայտարարությունում:

Ըստ ՔԿ-ի՝ նշված գործողությունների ընթացքում պատռվել է պարեկներից մեկի հագին եղած ծառայողական լուսարձակող բաճկոնը: Վերջիններիս կողմից կիրառվել է արցունքաբեր գազ, ֆիզիկական ուժ։ 30 և 31-ամյա տղամարդիկ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել են, իսկ 29-ամյա տղամարդը, ում ձեռքին եղել է մահակ, դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույք իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում