Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ Բաքվում հանդիպման է հրավիրել «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին»։ Տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ալիևի աշխատակազմի հաղորդագրությունը։
«Առաջարկվում է քննարկել վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հետ կապված հարցեր»,- ասված է հայտարարությունում։ Նշվում է, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել ապրիլի սկզբին։
Հիշեցնենք, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների նախորդ հանդիպումը ռուս խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ տեղի էր ունեցել փետրվարի 24-ին։ Կողմերը հանդիպել էին նաև մեկ շաբաթ անց՝ մարտի 1-ին։ Քննարկվել էր Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խնդիրները, ինչպես նաև Բաքվի ներկայացուցիչների կողմից Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում բնապահպանական մոնիթորինգի հնարավորությունը։
Հանդիպումներից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բացառել էր Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց: «Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար»,- ասել էր նախագահը: