Найти тему
Հայաստանն այսօր

Դա նացիզմի, անբարոյականության դրսևորում է. Դավիթ Բաբայանը՝ Արցախում տեղի ունեցած միջադեպի մասին

Այն, որ ադրբեջանցիները խախտել են պայմանավորվածությունը և քաղաքացիներին չեն թողել անցնել Լաչինի միջանցքով՝ պարզ պատճառ ունի ըստ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի. «Դա Ադրբեջանն է»: Այս մասին նա ասաց Armenia Today-ի հետ զրույցում:

«Դուք չգիտե՞ք, որ Ադրբեջանը որևէ պայմանավորվածություն երբևիցե չի կատարում, հատկապես թույլ կողմի նկատմամբ: Նրանց, ում ատում է, ում թույլ է համարում, նրանց հանդեպ ամենաստոր քայլերին գնալու է»,- ասաց նախագահի խորհրդականը:

Պատմելով միջադեպի մանրամասները՝ Բաբայանն ասաց, որ ադրբեջանական Զինված ստորաբաժանումների ներկայացուցիչները կանգնեցրել են մեքենան, դուրս են բերել մարդկանց, կանանց և երեխաներին, պատմեց Բաբայանը: Նա շեշտեց, որ ադրբեջանցիները սկսել են հայհոյել, անպատվել, վախեցնել մարդկանց, մի քանիսը վատացել է տեղում և իրենց շտապօգնության մեքենաները հրավիրել են:

«Որովհետև կարող էին այդ մարդիկ մահանալ և ավելի բարդանար իրավիճակն իրենց համար: Դա նացիզմի, անբարոյականության և մարդու իրավունքների կոպիտ խախտման, հայատյացության դրսևորում է»,- շեշտեց նա:

Ի հակառակ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների՝ Բաբայանը հերքեց, թե իբրև Շուշիի երկու հայկական մնացած գյուղերի նկատմամբ ադրբեջանցիները վերահսկողություն են սահմանել:

«Նրանք խոսում են ինչ-որ գյուղերի մասին, սակայն Շուշիի հայկական մնացած գյուղերը իրենց տեղում են: Որևէ այդպիսի խնդիր չկա: Այլ բան է, որ այդպիսով նրանք ուզում են նորից ահաբեկել, հոգեբանական ճնշում գործադրել ժողովրդի վրա»,- ասաց Բաբայանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում