Louis Vuitton Moët Hennessy (LVMH) ընկերությունների խմբի սեփականատեր, ֆրանսիացի գործարար Բեռնար Առնոն առաջ է անցել SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկից՝ գլխավորելով Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշը: Այս մասին հայտնում է Forbes-ը։
Առնոյի կարողությունը գնահատվում է 211 միլիարդ դոլար։ Ամսագիրը երկրորդ տեղում գտնվող Մասկի կապիտալը գնահատել է 180 միլիարդ դոլար, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կապիտալը, որը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, 114 միլիարդ դոլար։
Լավագույն տասնյակում են նաև Լարի Էլիսոնը՝ 107 միլիարդ դոլար, Ուորեն Բաֆեթը՝ 106 միլիարդ դոլար, Բիլ Գեյթսը՝ 104 միլիարդ դոլար, Մայքլ Բլումբերգը՝ 94,5 միլիարդ դոլար, Կառլոս Սլիմ Էլուն՝ 93 միլիարդ դոլար, Մուկեշ Ամբանին՝ 83,4 մլրդ դոլար և Սթիվ Բալմերը՝ 80,7 միլիարդ դոլար։
Ընդհանուր առմամբ, ցուցակում ներառված է 2540 միլիարդատեր, որոնցից 110-ը ռուսներ են։ Նրանցից ամենահարուստը Եվրոխիմի սեփականատեր Անդրեյ Մելնիչենկոն է։ 25,2 միլիարդ դոլար կարողությամբ նա զբաղեցրել է 58-րդ տեղն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։
Ինչպես նշում է Forbes-ը, ցուցակում ընդգրկված միլիարդատերերի գրեթե կեսն ավելի աղքատ է եղել, քան մեկ տարի առաջ։ Ընդհանուր առմամբ, աշխարհի միլիարդատերերի կարողությունն այժմ կազմում է 12,2 տրիլիոն դոլար, ինչը 500 միլիարդ դոլարով պակաս է 2022 թվականի մարտի ցուցանիշից։