Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանը հայտարարել է երկու երկրների ներկայացուցիչների միջև ավելի դինամիկ շփման անհրաժեշտության մասին: Իր հերթին Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանն ու ՌԴ-ն շարունակում են ամրապնդել համագործակցությունը՝ չնայած առկա մարտահրավերներին:
«Պետք է գոհունակությամբ նշեմ, որ մենք ունենք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների միջև շփման շատ բարձր ինտենսիվություն, և չնայած դրան, ավելի դինամիկ շփումների անհրաժեշտություն կա, որովհետև մեր օրակարգն այնքան հագեցած է, որ միշտ չէ, որ հաջողվում է սպառել մեր օրակարգի բոլոր հարցերը», - ՀՀ վարչապետի խոսքը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը:
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն տնտեսական և քաղաքական հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային իրավիճակին վերաբերող հարցեր:
ՌԴ փոխվարչապետն իր հերթին նշել է ՌԴ-Հայաստան հարաբերությունների ռազմավարական բնույթը:
Նրա խոսքով՝ դրանք հարաբերություններ են, որոնք ժամանակակից տեսքով կառուցվում են վերջին 30 տարիներին, բայց իրականում ունեն դարավոր պատմություն, և կողմերը բազմիցս բախվել են տարբեր մարտահրավերների, սպառնալիքների, այդ թվում՝ տնտեսական ճգնաժամերի, գլոբալ առևտրատնտեսական համակարգի փոփոխությունների:
«Չնայած դրան՝ մենք շարունակում ենք ամրապնդել մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, և նախորդ տարի փոխադարձ առևտրաշրջանառության աճի շատ լավ ցուցանիշներ ունենք: Ռուսաստանից Հայաստան ներդրումները ևս լավ ընթացքի մեջ են: Մենք իրապես ուրախանում ենք այն հաջողություններով, որ արձանագրում է Հայաստանի տնտեսությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մեծ տնտեսության մի մաս և այն առավելությունները, որ տալիս է Միությունը, իհարկե, տեսանելի են», - ասել է Օվերչուկը։
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: