Найти тему
Հայաստանն այսօր

Կա խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու հնարավորություն․ Բլինքեն

Կա խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու հնարավորություն, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա նշել է, որ շարունակվում են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու Վաշինգտոնի փորձերը։

«Ես հանդիպել եմ Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում։ Երկու երկրների արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Հույս ունեմ, որ նրանք կվերադառնան։ Մենք աշխատել ենք պայմանագրի տեքստի վրա»,- ասել է Բլինքենը

Միևնույն ժամանակ՝ Բլինքենն ընդգծել է, որ Վաշինգտոնը չի պարտադրում Հայաստանին դրա ստորագրումը։ Եվ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա «իրական խնդիրները», ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա՝ ճանապարհը բացելու համար։

«Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերաբացվի միջանցքը, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Եվ, այո, չեմ ցանկանում ուռճացնել, սակայն բարենպաստ պահ է և կողմերը կարող են խաղաղության համաձայնագիրը ստորագրել»,- ասել է պետքարտուղարը։

Բլինքենը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն արձագանքում է Հայաստանի՝ 30-ամյա այս հակամարտությանը վերջ դնելու հարցում իրենց աջակցելու ցանկությանը։

«ԱՄՆ-Ն աջակցում է, որպեսզի Երևանի ու Բաքվի հարաբերությունները կարգավորվեն, որի համատեքստում պետք է անդրադարձ լինի նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայության իրավունքներին և անվտանգությանը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ էր արել «կոնկրետ քայլեր» ձեռնարկել Բաքվի հետ բանակցությունների շրջանակում չկարգավորված հարցերի լուծման ուղղությամբ:

Հեռախոսազրույց էր տեղի ունեցել նաև Ալիևի և Բլինքենի միջև։ Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել լուծումներ գտնել չլուծված հարցերի համար և ընդգծել է, որ ռազմական լուծում գոյություն չունի։ Նա վերահաստատել է առևտրային և մասնավոր տրանսպորտային միջոցների համար Լաչինի միջանցքի բացման կարևորությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում