Найти в Дзене
Հայաստանն այսօր

Արցախի ԱԳՆ-ն միջազգային հանրությանն անհետաձգելի միջոցների ձեռնարկման կոչ է արել

ԱՀ ԱԳՆ-ն միջազգային հանրությանն անհետաձգելի միջոցների ձեռնարկման կոչ է արել։ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, նաև Արցախի՝ արդեն 100 շրջափակված լինելու փաստին։

«Արդեն 100 օր է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը, որի վերջնական նպատակն է ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ վտարելով նրան պատմական հայրենիքից: Ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և ահաբեկչությամբ՝ Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում են բանակցությունները՝ որպես որևէ խնդրի լուծում գտնելու միջոց»,-մասնավորապես շեշտել են ԱԳՆ-ում։

Արցախի ԱԳՆ-ում նշել են, որ Արցախի դեմ սանձազերծված բոլոր երեք պատերազմներն ուղեկցվել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներով և պատերազմական հանցագործություններով, որոնք, այդ թվում նաև կանխամտածված սպանությունները շարունակվում են նույնիսկ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

ԱԳՆ-ում շեշտել են, որ Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում Արցախի նկատմամբ էթնիկ զտում և ցեղասպանություն իրականացնելու իրենց հանցավոր նպատակները:

«Ավելին՝ 2020թ․ ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանություններն ընդհանրապես հրաժարվում են խաղաղ բանակցություններից՝ Արցախի ժողովրդի կյանքի և իրավունքների հարցը որակելով որպես իրենց ներքին գործը։
Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականությունը վկայում է միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ մոտեցումների վերանայման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ պետական մակարդակով իրականացվող հանցագործությունների մասշտաբն ու ծանրությունը և շարունակվող ցեղասպան քաղաքականությունը պահանջում են միջազգային հանրության, այդ թվում՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմինների կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկում»,-ընդգծել են ԱՀ ԱԳՆ-ում։

ԱՀ ԱԳՆ-ի գնահատմամբ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի համընդհանուր ճանաչումն ամենաարդյունավետ միջոցն է, որով միջազգային հանրությունը կարող է երաշխավորել Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում