Найти тему
Հայաստանն այսօր

Ձախողման են դատապարտված. Լավրովը գնահատել է Հայաստանին ու Ռուսաստանին «գժտեցնելու» Արևմուտքի փորձերը

Հայաստանին ու Ռուսաստանը գժտեցնելու Արևմուտքի փորձերը դատապարտված են ձախողման, Մոսկվայում հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք տեսնում ենք Արևմուտքի երկրների անթաքույց փորձերը՝ գժտեցնելու Ռուսաստանին ու Հայաստանին, խարխլել տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը՝ միաժամանակ մտածելով ոչ թե այստեղ գտնվող երկրների շահերի, այլ իրենց աշխարհաքաղաքական շահերի մասին», - ասել է Լավրովը:

Ռուսական դիվանագիտության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նման փորձերը դատապարտված են ձախողման։

Ռուսաստանի ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Մոսկվային դուրս մղել Երևանի և Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացից։ Այսպես, 2022 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ Արևմուտքի մոտեցումները, դրանք անվանել է «անհավասարակշիռ»։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հունվարի 26-ին հայտարարել են, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: «Չպետք է մոլորության մեջ գցել նաև ԵՄ առաքելության հայտարարած քաղաքացիական բնույթը. այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին հայտարարել էր, որ Եվրամիությունը երկու տարի ժամկետով քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ: Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA Armenia) կներառի մինչև 100 դիտորդ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում