Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար. ԱԳՆ

Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

«Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2023 թվականի մարտի 18-ին ունեցած ելույթից: Այս հայտարարությունն Ալիևն արել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափվել է:

ԱԳՆ-ն մատնանշում է, որ ինչպես Թալիշում, այնպես էլ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այլ շրջաններում Ադրբեջանն անթաքույց կերպով իրականացնում է վերաբնակեցման ծրագրեր՝ փորձելով վերացնել հայկական հետքը Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներից:  90-ականների սկզբին նման ճակատագրի արժանացել են նաև Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, հայկական հոծ բնակչություն ունեցող այլ բնակավայրեր:

Ըստ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար: «2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ընդունել են հայտարարություններ, համաձայն որոնց Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և երկու երկրների միջև սահմանազատման գործընթացը պիտի տեղի ունենա բացառապես այս հենքի վրա: Չնայած սրան, մարտի 18-ին Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, թե սահմանազատումը պիտի տեղի ունենա Ադրբեջանի առաջադրած պայմաններով և երկար ժամանակ շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների մասին»,-նշվում է հայտարարության մեջ։

ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Ադրբեջանը ոչ միայն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի Հանրապետության 2021թ. մայիսի 12-ին, նոյեմբերի 17-ին, 2022թ. սեպտեմբերին ապօրինի բռնազավթած ինքնիշխան տարածքները, այլև ներմուծել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը և Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ տարածքը հայտարարում է ադրբեջանական հող: «Սա նշանակում է բացահայտ նկրտումների արտահայտում Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ադրբեջանը նաև սպառնում է Հայաստանին, եթե վերջինս այդ նկրտումները չընդունի»,-նշվում է հայտարարության մեջ։

ԱԳՆ-ից հայտարարում են, որ Ադրբեջանի նախագահը խախտել է 2023 թվականի փետրվարի 18-ին իր իսկ կողմից բարձրաձայնած պարտավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայության հետ քննարկել նրանց իրավունքների և երաշխիքների հարցը: «Այդ հայտարարությունից ընդամենը մի քանի շաբաթ անց Ադրբեջանը հայտարարեց, թե պատրաստվում է քննարկել «Ղարաբաղի հայության ինտեգրացիայի» հարցը, իսկ Թալիշում արած հայտարարությունները, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, մարտի 5-ի ահաբեկչությունը վկայում են, որ Ադրբեջանի մտադրությունն է լուծել Լեռնային Ղարաբաղի հայության առնվազն ասիմիլյացիայի հարցը, և պաշտոնական Բաքվի կողմից ԼՂ հայության ցեղասպանության ենթարկելու նախապատրաստությունների մասին Հայաստանի ահազանգերը չպետք է անտեսվեն միջազգային հանրության կողմից»,-նշվում է հայտարարության մեջ։

Վերջին շրջանի խոսույթում Ադրբեջանը նոր մեղադրանք է գտել Հայաստանի Հանրապետության հասցեին՝ նրան մեղադրելով մոնոէթնիկ լինելու մեջ և փորձ անելով ստեղծել տպավորություն, թե, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը բազմաէթնիկ երկիր է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն 4 ազգային փոքրամասնությունները մանտադ ունեն երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության կազմում, իսկ իրեն բազմազգ համարող Ադրբեջանում որևէ նման կարգավորում չկա:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ հայկական կողմի գնահատականը միանշանակ է. «Ադրբեջաննն իր ագրեսիվ խոսույթով և գործելակերպով Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ է տեսնում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ստեղծված իրավիճակում, ըստ ԱԳՆ-ի, անհրաժեշտ է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և քաղաքականության հասցեական դատապարտումը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունն արտահայտում է իր վստահությունը խաղաղության օրակարգին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ և 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունների հիման վրա:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում