Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «ՀԱՊԿ-ն ինքն է հեռանում Հայաստանից»:
Մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետ կապված անհանգստությունն անտեղի է, «փոխարենը տեղին է այն մտահոգությունը, որ ՀԱՊԿ-ն ինքն է հեռանում Հայաստանից»։
«Երբ ես կարդացի սա, ինչ-ինչ պատճառներով հիշեցի ևս երկու մեջբերում, հիշեք Բուլգակովը. «Մենք պետք է սիրենք արվեստը մեր մեջ, այլ ոչ թե ինքներս մեզ արվեստում»: Հարցի այս հատվածը թողնում եմ ձեր հետագա մշակման համար, փորձեք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը», - ասել է Զախարովան՝ դիմելով լրագրողին, ով խնդրել է մեկնաբանել Հայաստանի վարչապետի հայտարարությունը։
Նա պատասխանել է այն հարցին, թե մտադիր է արդյոք Մոսկվան լրացուցիչ քայլեր ձեռնարկել ՀԱՊԿ անդամների միջև հակասությունների կարգավորման ուղղությամբ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին անցկացվել են Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջաններ, Հայաստան է այցելել ՀԱՊԿ առաքելությունը, նախապատրաստվել է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության ծավալման պլանը, իսկ 2022 թվականի նոյեմբերին Երևանում դաշինքի կանոնադրական մարմինների նիստում «գործնականում ավարտվել է համապատասխան որոշման մշակումը»։ «Դրա հետ մեկտեղ հայ գործընկերների առանձին պահանջների պատճառով, որոնք խնդրահարույց էին ՀԱՊԿ մյուս անդամների համար, այդ որոշումն ի վերջո չընդունվեց», - ասել է դիվանագետը: