Դերասան Սթիվեն Սիգալը հայտարարել է, որ ինքը «միլիոն տոկոսով ռուս է», փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հայրս ռուս է, և ես մեծացել եմ ռուսական ընտանիքում, մայրս նույնպես խորասուզված էր ռուսական մշակույթի մեջ։ Հայրս կիրթ մարդ էր, և մենք գիտեինք ռուսական գրականությունը, մշակույթն ու ավանդույթները, բոլոր մեծ հեղինակներին։ Ես հարյուր տոկոս ռուսոֆիլ եմ, միլիոն տոկոսով՝ ռուս»,- Ռուսոֆիլների համագումարի ժամանակ ասել է դերասանը։
2016 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Սիգալին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին։ 2018 թվականի օգոստոսին Սիգալը դարձավ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հումանիտար հարաբերությունների գծով։ Պուտինը դերասանին պարգևատրել է նաեւ Բարեկամության շքանշանով։
Ինչպես Սիգալն ասել է իր հարցազրույցներից մեկում, իր հորական պապը ծնվել է Ռուսաստանի բուդդայական շրջաններից մեկում և 20-րդ դարի առաջին կեսին տեղափոխվել ԱՄՆ։ Նա նաև նշել է, որ իր տատիկը Վլադիվոստոկից է, իսկ իր նախնիներից ոմանք եկել են Սանկտ Պետերբուրգից և Բելառուսից։ Դերասանը, ընտանիքի մասին տեղեկություններ փնտրելով, մեկնել է Կալմիկիա, Տուվա և Յակուտիա։