Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է Լաչինի միջանցքի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնման մասին: Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։
«Համապատասխան շփումներ են ընթանում կողմերի հետ՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության մասնակցությամբ մեր գերատեսչության հետ փոխգործակցությամբ», - ասել է նա:
Զախարովան ընդգծել է, որ հարցի զգայունության պատճառով մանրամասների հրապարակային քննարկումն իմաստ չունի։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: