Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ բացահայտել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մանրամասները, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Որոշ ժամանակ առաջ մենք ներկայացրել ենք մեր առաջարկը, որը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ Մենք մեկնաբանություններ ենք ստացել Հայաստանից։ Ի պատասխան՝ մենք նրանց ուղարկեցինք մեր մեկնաբանությունները։ Այնպես որ գործընթացն ընթանում է», - նշել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանը «դրական կարձագանքի խաղաղ պայմանագրի առաջարկի վերաբերյալ դիտողություններին»: Թե ինչ դիտողություններ ունի Բաքուն, Ալիևը չի հստակեցրել։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ադրբեջանը դեռևս չի պատասխանել խաղաղ պայմանագրի վերաբերյալ Երևանի նոր առաջարկներին: Փաշինյանը հիշեցրել է, որ կողմերն արդեն երեք անգամ խաղաղության առաջարկներ են փոխանակել։ Հայաստանի վարչապետը խոսել է նաև սահմանազատման աշխատանքների կանոնակարգի նախագիծը Բաքվին հանձնելու մասին։