Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառում նավթի և իրանական հետախուզության հասանելիության դիմաց, գրում է Haaretz պարբերականը:
Ադրբեջանական տրանսպորտային ինքնաթիռը մարտի 2 - ին վայրէջք է կատարել Էյլաթի մերձակա Օվդա փակ ավիաբազայում, որը միակն է Իսրայելում, որտեղից թույլատրված է պայթուցիկ նյութերի արտահանումը, ասվում է Haaretz-ի լրագրողական հետաքննության մեջ:
Արդեն երկու ժամ անց ադրբեջանական Ил-76-ը կրկին օդ բարձրացավ, թռավ Իսրայելի կենտրոնի վրայով և շարունակեց իր ճանապարհը Թուրքիայի տարածքով դեպի Բաքու։
Դատելով ավիատրեքինգի կոմերցիոն ծառայությունների բաց տվյալներից՝ վերջին 7 տարիների ընթացքում ադրբեջանական Silkway ընկերության 92 բեռնատար թռիչք է վայրէջք կատարել ԱԹՍ-ի բազայում։ «Իսրայելն ու Ադրբեջանը շուրջ երկու տասնամյակ ռազմավարական դաշինք ունեն, որի շրջանակներում Իսրայելը միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա է վաճառում շիա մեծ երկրին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը նավթ է մատակարարում ու «պատուհան» է հանդիսանում դեպի Իրանին», - գրում է Haaretz-ը:
Ինչպես ասվում է հոդվածում, Ադրբեջանը Մոսադին թույլ է տվել շտաբ-բնակարան ստեղծել Իրանում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու համար, և նույնիսկ իր օդանավակայանը պատրաստել է Իսրայելին օգնություն ցուցաբերելու համար, եթե նա հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա:
Երկու տարվա վաղեմության հաղորդագրությունների համաձայն՝ Մոսադի գործակալները, որոնք գողացել են իրանական միջուկային արխիվը, այն Իսրայել են տեղափոխել Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանում պաշտոնական հրապարակումների համաձայն՝ Իսրայելը տարիներ շարունակ երկրին վաճառել է սպառազինության ամենաժամանակակից համակարգերը, այդ թվում՝ բալիստիկ հրթիռները, ՀՕՊ և ՌԷՊ համակարգերը, կամիկաձե անօդաչու թռչող սարքերը և այլն։