Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը Armenia Today-ին տված հարցազրույցում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում վերլուծել է Հայաստանի անվտանգային խնդիրները։ Անցյալ դարի 1960-90-ական թվականներին ստեղծված սպառազինությունների վերահսկման համակարգը գործնականում փլուզվել է, իսկ Ռուսաստանի որոշումը՝ սառեցնել իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին, կտրուկ մեծացրել է միջուկային էսկալացիայի հավանականությունը, նշել է Խաչիկյանը: «Աշխարհն արդեն հրաժեշտ է տվել 1972 թվականի Հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման, միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրերին (1987), Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրերին (1990), Բաց երկնքի մասին պայմանագրերին (1992) և այլն:
Այժմ աշխարհը կես քայլ է արել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին (2009) և Միջուկային փորձարկումների դադարեցման մասին պայմանագրերից (1996) հրաժարվելու ուղղությամբ»,-ասել է փորձագետը: Նրա խոսքով՝ տեսանելի հեռանկարում Իրանի կողմից միջուկային զենքի մշակմամբ տարածաշրջանի այլ երկրներում «դոմինոյի էֆեկտով» չեղյալ կհայտարարվի նաև 1968 թվականի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, ինչը կհանգեցնի ռազմավարական կայունության, միջազգային անվտանգության համակարգի վերջնական փլուզմանը և սպառազինությունների մրցավազքին վերադարձին: «Սկսվել է երկրորդ սառը պատերազմը, բայց շատ ավելի վտանգավոր: Դիմակայության կենտրոնը գտնվում է ոչ թե Բեռլինում, այլ Ռուսաստանի և Ուկրաինայի սրտում, խաղադրույքները չափազանց բարձր են, նահանջելու տեղ չկա, ռիսկերը հսկայական են. դա Վիետնամը կամ Աֆղանստանը չէ: Պատմության մեջ առաջին անգամ հակամարտող կողմերը բացահայտորեն միջուկային զենքի կիրառման մասին են հայտարարում, ինչը չի եղել նույնիսկ 1962թ.-ի հոկտեմբերին Կարիբյան ճգնաժամի ժամանակ», – ասել է քաղաքագետը: Նա ընդգծել է, որ միջուկային պոտենցիալները գտնվում են շատ մոտ հեռավորության վրա, կողմերն ունեն հիպերձայնային զենք, մեծանում է միջուկային զենքի չկանխամտածված օգտագործման և աղետալի ելքի հավանականությունը: Այն պայմաններում, երբ միջազգային անվտանգության համակարգը փաստացի կաթվածահար է, Հայաստանի անվտանգության խնդիրները գնալով ավելի սուր բնույթ են ստանում, նշել է Խաչիկյանը: «Հայաստանի գործող իշխանությունները պետք է դադարեն խաբել ժողովրդին, չշահարկեն հանրային գիտակցությունը: Աշխարհը, ինչպես միշտ, ղեկավարում են ուժն ու շահերը: Փլուզվել է միջազգային անվտանգության ողջ համակարգը, 1990-ականներին ձևավորված «նոր աշխարհակարգն» այլևս գոյություն չունի: Միամտություն է ակնկալել, որ ուժի կենտրոնները ներկայիս իրողություններում կկարողանան զսպել Անկարայի և Բաքվի էքսպանսիոնիստական նկրտումները: Եվ Փաշինյանի կառավարության «խաղաղ դարաշրջանի» մասին բոլոր ճամարտակությունները, որը փաստացի խոստովանել է, որ ի վիճակի չէ ապահովել երկրի անվտանգությունը, թշնամուն թույլի դիրքերից խաղաղեցնելու, նրանից խաղաղություն խնդրելու փորձերը բարու չեն հանգեցնի: Հայաստանին անհրաժեշտ է նոր, շատ ավելի կոմպետենտ իշխանություն», – ընդգծել է փորձագետը: Հայաստանի իշխանությունների գործողությունները, ըստ նրա, համարժեք չեն ստեղծված իրավիճակին։ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից անցել է արդեն գրեթե երկուսուկես տարի, սակայն իշխանությունը գործնականում ոչինչ չի ձեռնարկել երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու, նրա ռազմական ներուժը մեծացնելու համար, հավելել է նա:
«Ես ոչ մի իրական քայլ չեմ տեսնում այդ ուղղությամբ՝ ո՛չ դիվանագիտության իմաստով, ո՛չ բանակաշինության առումով: Մեր ղեկավարությունը հավատում է հայտարարագրերի, դատարկ խոսքերի և բոլոր տեսակի PR-ընկերությունների ուժին: Մասնագիտական դիվանագիտության և պետական կառավարման հստակ համակարգի մասին խոսելը, ցավոք, ավելորդ է», – նշել է փորձագետը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք