Найти в Дзене
Հայաստանն այսօր

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 48 հազարի

Թուրքիայում փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով առնվազն 48 հազար մարդ է զոհվել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ աղետից առավել տուժած Հաթայ նահանգում ելույթի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։

«Զոհերի թիվը կազմել է 48 հազար, տուժել է ավելի քան 115 հազար մարդ։ Ավերվել է 50 հազար շենք։ Եվ չկա որևէ այլ երկիր, որը կարողանա այդքան արագ արձագանքել նման մասշտաբային աղետին», - ասել է նա։

Էրդողանը նշել է, որ երկրաշարժից հետո առաջին ժամերից իշխանությունները մոբիլիզացրել են առկա բոլոր ուժերը՝ հետևանքները վերացնելու և փլատակները քանդելու համար։ Ընդ որում, էական խոչընդոտներ են եղել ձյունը, ցուրտը և ավերված ճանապարհները։ «100 երկիր մեզ օգնություն է ուղարկել, հազարավոր փրկարարներ են ուղարկել։ Ես անչափ շնորհակալ եմ նրանց», - ընդգծել է նախագահը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել  Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում