Պաշտպանության նախարարության մի շարք աշխատակիցներ անցնում են Հակակոռուպցիոն կոմիտեի և ԱԱԾ-ի վարույթներով, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պրոֆեսիոնալ բանակայիններին «անտեսում է, իսկ իր ծանոթներին ու հարազատներին պաշտոններ է տալիս, տեղավորում տարբեր հիմնարկներում»։ Օրինակ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրենի պաշտոնակատար Ալեքսանդր Մանուչարյանը նախարարի կուրսեցին է, որը մինչ այդ պատմության ուսուցիչ է աշխատել։
Թերթը նշել է, որ Պապիկյանի «լյուբիմչիկների» թվում է ՌՈ սպա Լ․ Ա․-ն, Երկրորդ կորպուսի հրամանատար, ազգային հերոս, գեներալ Գարեգին Պողոսյանը, Արարատի գնդի հրամանատար Միքայել Ֆարայանը։
Լրատվականը տեղեկացրել է, որ շուտով աշխատանքից ազատվելու է բանակի կապիտալ շինարարության վարչության պետ Վահագն Ստեփանյանը։ Պատճառը, ըստ մամուլի, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մի քանի գործերն են, որոնք վերաբերում են այս վարչությանը։
ԱԱԾ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 11-ին, ԱԱԾ-ն ձերբակալել է երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Գարիկ Պողոսյանի աներձագին՝ երկրորդ բանակային կորպուսի ՀՕՊ ՀԿ պետ կապիտան Արթուր Աշոտի Հասաթյանին, որը կասկածվում է դավաճանության մեջ։ Կապիտանը մեղադրվում է հակառակորդի հետ համագործակցելու համար։ Իրավապահ աղբյուրը պատմում է, որ նա հենց Ճամբարակում է բնակվել՝ կորպուսի հրամանատարի տանը։
Լրատվականը պարզաբանել է, որ հարցումներով դիմել է ՊՆ, ԱԱԾ, ԳԴ, որտեղից որոշ տեղեկություններ հերքել են։
«Սակայն ո՛չ շինարարության հետ կապված վարույթների մասին, ո՛չ էլ կապիտան Հասաթյանի ձերբակալության վերաբերյալ տեղեկությունները իրավապահները չեն հերքում»,- եզրափակել է թերթը։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում