Найти тему
Armenia Today

Արցախի ԱԺ խմբակցությունները վարչապետի հայտարարությունների կապակցությամբ առաջարկել են ԱԽ նիստ հրավիրել. պատգամավոր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին արված հայտարարությունները մտահոգություն են առաջացրել Արցախում։ Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները նախագահ Արայիկ Հարությունյանին առաջարկել են ԱԽ նիստ հրավիրել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրուցում հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Հարցին, թե հատկապես ինչ մտահոգություններ են առկա, Արցախի ԱԺ պատգամավորը նշեց. «Մտահոգությունները մեղմ է ասված։ Այդ անձը, որը 2019-ին Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում «կոկորդը պատռում էր», որ «Արցախը Հայաստան է և վերջ», երեկ վերջնականապես հաստատեց, որ Արցախը հանձնողներից  է», – նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել  «Հանրային» հ/ը-ին, որում ընդգծել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը պետք է առանձնացնել Արցախյան հիմնախնդրից։

«Մենք կարծում ենք նաև, որ, Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել և պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղյան հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Մեր կարծիքն ի սկզբանե՝ 2018-ից եղել է այն, որ ԼՂ-ն պետք է լինի Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը և շահառուն, և մենք շարունակում ենք այդպես մտածել»,- հայտարարել էր նա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում