Найти тему
Armenia Today

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվող բնակչության մեծ մասը ցանկանում է բնակություն հաստատել Հայատանում

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքներից բնակիչների տարհանումն արդեն սկսկվել է: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Վիկտորյա Պետրոսյանը: Գերատեսչությունն այժմ հստակ տվյալներ չունի, թե քանի քաղաքացի է տարհանվել: Բացատրում են, որ Բերձորում, Աղավնոյում, և Ներքին Սուսում էլեկտրաէներգայի տատանումներ կան, հնարավոր չէ կապվել համայնքապետերի հետ՝ տեղեկություններ ճշտելու համար: Վիկտորյա Պետրոսյանի փոխանցմամբ՝ Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվող բնակչության շուրջ 30 տոկոսն է ցանկություն հայտնել վերաբնակվել Արցախում, իսկ մեծ մասը ցանկանում է Հայաստան տեղափոխվել:

ԱՀ ՏԿԵՆ-ից միաժամանակ վստահեցնում են, որ նախարարությունն աջակցում է բնակիչներին տեղափոխման հարցերում:«Տեղյակ եմ, որ տարհանվող համայնքներում մարդիկ նույնիսկ գերզմանաքարերն ու աճյուններն են տեղափոխում»,- նշեց մամուլի խոսնակը:

Armenia Today-ին ևս չհաջողվեց կապ հաստատել Բերձորի և Աղավնոյի համայնքապետերի հետ: Հավելենք, որ Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից անձնական գույքը տարհանելու համար պետությունը մեկ ընտանիքի հաշվով տրամադրում է 250 հազար դրամ: Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նա նշեց, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հայտարարեց, որ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հավանականությունը քիչ է համարում, իսկ Աղավնոյի համար դեռ պայքարելու են։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում