Համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 24–րդ հոդվածի 3-րդ կետի՝ ոստիկանությունն իրավունք ունի վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում։
Նշված նորմի մեկնաբանությունից հետևում է, որ ոստիկանն իրավունք ունի զննել Ձեր տրանսպորտային միջոցը, մասնավորապես բացել Ձեր ավտոմեքենայի բեռնախցիկը և զննել այն, սակայն ոստիկանն իրավունք չունի խուզարկել Ձեր ավտոմեքենան առանց դատարանի որոշման։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «բնակարան» հասկացության բացատրության մեջ ներառված է նաև մասնավոր և ծառայողական տրանսպորտային միջոցը, այսինքն ավտոմեքենայի խուզարկության համար անհրաժեշտ է դատարանի որոշում։
Այսպիսով, ոստիկանն ավտոմեքենայի զննությունը կարող է կատարել առանց դատարանի որոշման, սակայն ավտոմեքենայի խուզարկությունը ոստիկանը կարող է կատարել միայն դատարանի որոշմամբ։
Իսկ ինչո՞վ է տարբերվում ավտոմեքենայի զննությունը խուզարկությունից։
Զննության ընթացքում ավտոմեքենան ենթարկվում է բացառապես տեսողական դիտարկման։ Զննության ընթացքում ոստիկանն իրավունք չունի բարձրացնել ավտոմեքենայի նստատեղերը, բացել իրերի պահման խցիկները և այլն։ Այսինքն, զննությունն իրենից ենթադրում է տեսողական դիտարկում, մինչդեռ խուզարկության ընթացքում կատարվում է որոնողական գործողություններ՝ կարող են բարձրացվել ավտոմեքենայի նստատեղերը, բացել իրերի պահման խցիկները, ավտոմեքենայի դետալներն առանձնացվեն և այլն։