Найти тему
Armenia Today

Երբեք չենք համակերպվելու Շահումյանի կորստի հետ, այն միշտ կմնա Արցախի անբաժան մասը. ԱՀ ԱԳՆ

#Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 30-րդ տարելիցի կապակցությամբ:

«30 տարի առաջ՝ 1992թ․ հունիսի 12-ին, #Ադրբեջանի զինված ուժերը գրավեցին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը։ Արցախի այս հինավուրց շրջանը, որը կարևոր դերակատարություն է ունեցել հայոց պետականության ու ազգային ազատագրական պայքարի պատմության մեջ և հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնադիր սուբյեկտներից մեկը, զավթվեց թշնամու կողմից, իսկ տեղաբնակները ենթարկվեցին ցեղասպան գործողությունների։

Ագրեսիայի հետևանքով մենք ունեցանք զգալի կորուստներ։ #Շահումյանի շրջանի օկուպացիայի պատճառով բնակչության մեծ մասը ստիպված լքեց պատմական հայրենիքը և բնակություն հաստատեց արտերկրում։ Հայրենազրկման այդ ցավը չի սպիացել թե՛ շահումյանցիների, թե՛ ողջ արցախահայության ու հայ ժողովրդի սրտերում։ Մենք երբեք չենք համակերպվելու Շահումյանի շրջանի կորստի հետ։ Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում։ Շահումյանը եղել է, կա ու միշտ կմնա Արցախի անբաժան մասը»,-ասված է հայտարարության մեջ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում