Найти в Дзене
Armenia Today

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ. վարչապետի աշխատակազմ

Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ քննարկումների համատեքստում պետք է արձագանքել մի շարք հարցերի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն ու անդրադարձել այդ հարցերին:

Հարց – Ինչո՞ւ դեպքից հետո վարչապետի շարասյունը կանգ չի առել վրաերթի ենթարկված կնոջն օգնություն ցուցաբերելու համար: Պատասխան – Բուն վրաերթի պահին վարչապետի ավտոմեքենան եղել է դեպքի վայրից մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա: Վրաերթի պահը նրա մեքենայի միջից չի երևացել ու չէր կարող երևալ: Վարչապետի ավտոմեքենան դեպքի վայրով անցել է տեղի ունեցածից ինչ-որ վայրկյաններ անց: Այսինքն՝ բուն վրաերթից 150 մետրն անցնելու համար անհրաժեշտ վայրկյանների ընթացքում վարչապետը տեղյակ չի եղել և չէր կարող տեղեկանալ, թե կոնկրետ ինչ է կատարվել: Վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է շտապօգնություն կանչել և պարզել՝ ինչ է տեղի ունեցել: Շտապօգնությունը ժամանել է րոպեներ անց: Այն մասին, որ տեղի է ունեցել վրաերթ՝ ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենայի կողմից, վարչապետն իրազեկվել է Ազգային ժողով հասնելուն պես, որից հետո համապատասխան հրահանգներ է տվել Առողջապահության նախարարին և իրավապահներին:

Հարց – ՃՈ աշխատողները չէին կարող չնկատել վթարը: Ինչո՞ւ նրանք չեն կանգնել օգնություն ցուցաբերելու: Պատասխան – ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան կանգ առնելու դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը՝ փակելով փողոցի ամբողջ երթևեկությունը և լրացուցիչ խցանումներ առաջացնելով նաև հարակից փողոցներում, այսպիսով խոչընդոտելով շտապօգնության մեքենայի մոտենալուն, այդ թվում՝ բուն դեպքի վայրին և տուժողին մոտենալուն: Նաև նման հանգամանքների հաշվառումով՝ ըստ աշխատանքի միջազգայնորեն ընդունված կանոնակարգի٫ երկրների ղեկավարների շարասյունը ուղեկցող (տվյալ դեպքում՝ ՃՈ) մեքենաներն իրավունք չունեն չնախատեսված տեղում կանգ առնելու՝ անգամ պատահարների դեպքում:

Հարց – Ինչո՞ւ վարչապետը ցավակցություն չի հայտնել վրաերթի կապակցությամբ: Պատասխան – Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ, ցավակցություն հայտնել նրան և նրա ընտանիքի անդամներին, ցավ ու ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ ու երաշխավորել, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում