Найти тему
Armenia Today

Այսօրվա ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. Արցախի ինֆոշտաբ

Մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Նշվում է, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել:

«Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի ուղղությամբ: Դրան զուգահեռ, շարունակվում են աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակ ունենալով ադրբեջանական կողմին վերադարձնել իրենց ելման դիրքեր: Հորդորում ենք բոլորին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր: Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Տեղի ունեցած մարտերի ընթացքում ՊԲ 3 զինծառայող է զոհվել։ ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում