Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, թե, իբր, մարտի 29-ից Արցախոմ #գազամատակարարումը կվերականգնվի: «Արցախգազ» ՓԲԸ-ն անդրադարձել է լուրին՝ ընդգծելով, որ այն ապատեղեկատվություն է: «Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական #«Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։ Հայտնում ենք, որ բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն):
Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։ Ուստի, հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է: Նշված հաղորդագրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մարտի 8-ին գազատարը Շուշիի հատվածում պայթեցնելուց և օրեր շարունակ դրա վերանորոգմանը խոչընդոտելուց հետո ադրբեջանական կողմը դիտավորյալ փական է տեղադրել գազատարի վրա՝ եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնելով Արցախի բնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու հանցավոր գործին»,-ասված է հաղորդագրույան մեջ:
Ավելի վաղ #«Արցախգազ» ընկերությունը հայտնել էր, որ մարտի 8-ին՝ ժամը 01:00-ին տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։ Ավելի ուշ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն: Տասն օրից ավելի արցախցիները զրկված էին գազից, բանակցությունների արդյունքում վերականգնվեց գազատամատակարարումը, սակայն, կարճ ժամանակ անց կրկին Արցախը մնաց առանց գազի։ Ավելի ուշ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում մարտի 7-ին պայթեցվել է Արցախին գազ մատակարարող գազամուղը: Նրա խոսքով, Ադրբեջանը ամենատարբեր պատրվակներով թույլ չի տվել վերանորոգել գազատարը վնասված հատվածը, գազատարի վրա տեղադրել է փական ու մարտի 21-ից այդպիսով դադարեցրել Արցախի գազամատակարարումը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք