Найти тему
Armenia Today

Քլունին հրաժարվել է թուրքական ավիաընկերության հետ բազմամիլիոնանոց պայմանագրից

Հոլիվուդյան դերասան, բարերար եւ գրող #Ջորջ Քլունին հրաժարվել է ավիաընկերություններից մեկի հետ խոշոր գովազդային պայմանագրից, հաղորդում է #The Guardian-ը: Պարբերականի տեղեկություններով՝ նա ավիաընկերության գովազդում նկարահանումների մեկ օրվա ընթացքում պետք է 35 մլն դոլար ստանար։ Սակայն Քլունին որոշել է հրաժարվել առաջարկից այն բանից հետո, երբ խոսել է կնոջ՝ Ամալ Քլունիի հետ: Դերասանի խոսքով՝ ավիաընկերությունը, որից ստացվել է առաջարկը, կապված է մի երկրի հետ, «որը թեև թշնամի չէ, բայց երբեմն կասկածներ է առաջացնում»:

«Եվ այդ պատճառով ես մտածեցի, եթե դա ինձանից գոնե մեկ րոպե կխլի, դա չարժե», — պատմել է Քլունին: Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի կարծիքով՝ խոսքը թուրքական ավիաընկերության մասին է։ Այս մասին Նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Հաշվի առնելով, որ Ամալն ու Ջորջ Քլունին հանդես են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, Բյուիսոնան ենթադրել է, որ դերասանը հրաժարվել է մասնակցել գովազդին, քանի որ դա անհամատեղելի է իր դիրքորոշման հետ: Նշենք, որ Ջորջ Քլունին հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 2016 թվականին այցելել է Հայաստան՝ մասնակցելու ապրիլի 24 — ին ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը տեղի ունեցած «Ավրորա» մարդասիրական Առաջին մրցանակի հանձնման արարողությանը։ Քլունիի կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Քլունին, 2015-ին ՄԻԵԴ-ում ներկայացրել է Հայաստանի շահերը որպես երրորդ կողմ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի դեմ «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի բողոքի գործով, որն իր ելույթներում «միջազգային սուտ» է անվանել Հայոց ցեղասպանությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում