Найти тему
Հայաստանն այսօր

Ինձ ոգևերում են Լաչինի միջանցքի հարցով վերջին օրերի զարգացումները. Կլաար

Ինձ ոգևերում են Լաչինի միջանցքի հարցով վերջին օրերի զարգացումները։ Այս մասին «Ազատություն»  ռադիոկայանի հետ զրույցում նշել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Վերջին մի քանի օրերին որոշակի հետաքրքիր զարգացումներ եմ տեսնում։ Եվ հիմա ստացվեցին էլեկտրաէներգիայի և գազի վերականգնման մասին հաղորդումները։ Եվ այդ համատեքստում ես լիահույս եմ, որ գուցե ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Եվրամիությունը հետևողական հանդես է եկել իրավիճակի ապաշրջափակման օգտին: Մենք տարբեր շփումներ ենք ունեցել և՛ կուլիսներում, և՛ հրապարակային։ Եվ ընդհանրապես, մենք հաստատ համոզված ենք, որ կարևորն այն է, որ Ղարաբաղի բնակչությունը, տեղի հայերը կարողանան իրենց ապահով զգալ այն վայրում, որտեղ ապրում են, և դրա համար կարևոր է, որ իրական երկխոսություն մեկնարկի Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Եվ դա է առաջ գնալու ճանապարհը՝ մարդկանց ներգրավելու, վստահություն ներշնչելու, որ ապագայի համար ապահով զգան այն վայրում, որտեղ ապրում են»,-հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։

Ըստ նրա՝ ամենակարևորը Բաքվի և Ստեփանակերտի միջև իրական և տեսանելի երկխոսություն հաստատելն է։ «Եվ ես նաև շատ ոգևորված եմ այն փաստով, որ նախագահ Ալիևը վերջերս Մյունխենում շեշտեց այս կետը»,-հայտարարեց Կլաարը։

Կլաարի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ դա տեսանելի է ոչ միայն միջազգային հանրությանը, այլև առաջին հերթին՝ Ղարաբաղի բնակչությանը, որ որոշակի գործընթացներ են ընթանում։

«Արդեն երկու ամիս է անցել, շատ երկար ժամանակ է։ Բայց դա միայն հորդորների մակարդակում չի եղել։ Մենք ներգրավվել ենք թե՛ հրապարակային, թե՛ կուլիսներում։ Եվ ինձ ոգևորում են վերջին մի քանի օրերի որոշակի զարգացումները։ Ու հույս ունեմ, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ կընթանա»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:

Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված  միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Հաագայի դատարանը ժամանակավոր միջոցներ էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի մասով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել էր նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում