ՄԱԿ Արդադատության միջազգային դատարանի վճռին չենթարկվելը բնականաբար առաջացնում է հետագայում ապացույցները դատարան ներկայացնելու անհրաժեշտություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻԵԴ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Մենք դատարան ենք ներկայացնելու Ադրբեջանի՝ այդ վճռի չկատարման կամ կատարմանը խոչընդոտելու փաստերը։ Ըստ դատարանի կանոնների՝ դատարանը հնարավորություն ունի ստեղծելու 3 դատավորից կազմված կոմիտե, որի նպատակն է ավելի մոտից հետևել որոշումնների կատարման ընթացքին։ Նմանատիպ պրակտիկա դատարանն այլ գործերում ունեցել է, երբ սերտ սկսել է ուսումնասիրել կամ հետևել կոնկրետ պետությունների վարքագիծը։ Միգուցե նաև փաստահավաք առաքելություն գա»,- նշեց Կիրակոսյանը՝ շեշտելով, որ դա հնարավոր է, բայց այդ ուղղությամբ նույնպես պետք է աշխատանք տանել։
ՄԱԿ Արդադատության միջազգային դատարանի վճռի չկատարելը, Կիրակոսյանի խոսքով, բնականաբար ունենում է նաև քաղաքական հետևանքներ։
«Եթե լինում են երկրներ կամ միջազգային կազմեկրպություններ, որոնք սկսում են խոսել այդ մասին կամ կոչեր անել, ապա դա կարելի է էական հետևանք համարել։ Նմանատիպ հետևանքների կումուլյացիայի արդյունքում էլ, երբ մի քանի պետություն սկսում են նույն բանը պնդել կամ միջազգային կազմակերպությունները սկսում են կոչ անել, ապա դա արդեն էական քաղաքական հետևանք է»,- պարզաբանեց բանախոսը։
Նա նշեց, որ դա ձնագնդիի էֆեկտով կարող է հասնել որոշակի արդյունքների։
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը ժամանակավոր միջոցներ էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի մասով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել էր նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։