Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և բացել Լաչինի միջանցքը, ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն շարունակում է անհանգստանալ Լաչինի միջանցքում շարունակվող խոչընդոտներից և դրա հետևանքով տեղի խաղաղ բնակչության համար հումանիտար հետևանքներից: Միջանցքի օգտագործման հետ կապված Ադրբեջանի բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն բացառապես երկխոսության միջոցով, հայտնում է ԵՄ-ն։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատու անձանց երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն ստանձնած պարտավորությունների համաձայն։ Մենք նաև ընդգծում ենք տուժած բնակչությանը գազի, էլեկտրաէներգիայի և այլ ծառայությունների անխափան մատակարարում ապահովելու կենսական անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին։
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը ժամանակավոր միջոցներ էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի մասով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել էր նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։