Ղրիմի Պոչտովոյե գյուղում երկաթուղային երկաթգիծ է վնասվել, այդ հատվածով գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ ТАСС-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի հայտնել է ՌԴ ԱԻՆ Ղրիմի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
«2023 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 19: 55-ին, ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Բախչիսարայի շրջանում՝ Պոչտովոյե գյուղում, երկաթուղային գծի վնաս է տեղի ունեցել։ Պատահարի հետևանքով դադարեցվել է էլեկտրագնացքների և գնացքների երթևեկությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներն ու Ռուսաստանի ԱԻՆ մարզային գլխավոր վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի վերանորոգման խումբը:
«Տեղեկացվել են փոխգործակցության բոլոր ծառայությունները։ Կազմակերպվել են ավտոբուսներ՝ ուղևորներին Սիմֆերոպոլ տեղափոխելու համար»,-նշել են մամուլի ծառայությունում։
Հետևանքների վերացման գործում ներգրավված է 36 մարդ և 14 միավոր տեխնիկա։