Արցախի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի որոշման անհապաղ և անվերապահ իրականացումը։
«Անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային մակարդակով համակարգված և հանգամանալից դիտարկվի Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի իրավունքները զանգվածաբար ոտնահարող քաղաքականությունից արցախցիների իրավական պաշտպանության հարցը»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ դատարանի որոշումն օբյեկտիվ հաստատումն է Արցախի կողմից բազմիցս հնչեցված այն դիրքորոշման, որ շրջափակումը հերթական դրվագն է Ադրբեջանի՝ տասնամյակներ շարունակվող խտրական քաղաքականության՝ ուղղված արցախցիների վտարմանը պատմական հայրենիքից։
«Արցախի ժողովրդի դեմ իրականացվող Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը, որը կրում է լայնածավալ և համակարգված բնույթ, միջազգային իրավունքով որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Միջազգային հանրությունն ընդհանրապես և ՄԱԿ-ի անդամ երկրները մասնավորապես ունեն իրավական և քաղաքական պարտավորություններ՝ ձեռնարկելու արդյունավետ քայլեր՝ մարդու իրավունքների նման զանգվածային խախտումները կանխելու, ինչպես նաև ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»,- նշվում է գերատեսչության տեքստում։
Նշված է նաև, որ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման վերաբերյալ իր մոտեցումներում միջազգային հանրությունը, որպես իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, պետք է ճանաչի անկախության օգտին Արցախի ժողովրդի կատարած ընտրության օրինականությունը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փետրվարի 22-ին, ճանաչել է Լաչինի միջանցքի անարգել աշխատանքի համար միջանկյալ միջոցների անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով դա՝ Բաքուն, ընդհուպ մինչև դատական ատյանի վերջնական որոշումը, պետք է, իր պարտավորությունների համաձայն, ներառյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ապահովի մարդկանց և տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։