ԵԽ պատգամավորները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպմանը դատապարտել են ադրբեջանական ոտնձգությունները պատերազմի և հետպատերազմյան շրջանում և վստահեցրել, որ շարունակելու են եվրոպական կառույցներում իրենց աջակցությունն ու զորակցությունը բերել Հայաստանին և արցախահայությանը, հայտնում է Մայր Աթոռը։
Կաթողիկոսի հետ հանդիպմանը ներկա են եղել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմիի և Ֆրանսուա Ալֆոնսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։
Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն է բերել խորհրդարանականներին արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում ներդրած ջանքերի համար և ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակին՝ եվրոպական տարբեր կառույցներում արցախահայության խնդիրների հետևողական բարձրաձայնման և ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքի պաշտպանության համար։
Վեհափառ Հայրապետը, հյուրերին ներկայացնելով տարածաշրջանում տիրող փխրուն իրավիճակը և ի մասնավորի Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, անդրադարձել է այս առնչությամբ միջազգային հանրությունից հայ ժողովրդի ակնկալություններին։ Նորին Սրբությունը նկատել է, որ տարածաշրջանն ապակայունացնող՝ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը հնարավոր է կանխել բարեկամ երկրների զորակցությամբ և միջազգային հանրության հստակ դիրքորոշմամբ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: