Թուրքիայում փետրվարի 20-ին տեղի ունեցած նոր երկրաշարժերից հետո հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայում մարդկային մեծ կորուստների և լուրջ ավերածությունների պատճառ դարձած երկրաշարժերի հետևանքների վերացման աշխատանքները և երկրաշարժից հետո վերականգնման ծրագրերը։
Ջեյհուն Բայրամովը վստահեցրել է, որ Ադրբեջանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել եղբայրական Թուրքիային։ Ադրբեջանի արտգործնախարարը նաև հետաքրքրվել է փետրվարի 20-ին Թուրքիայի Հաթայ նահանգում տեղի ունեցած երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքների մասին։
Մևլութ Չավուշօղլուն մանրամասն տեղեկություններ է հայտնել երկրաշարժի գոտում տիրող իրավիճակի մասին։ Նա ասել է, որ Հաթայում տեղի ունեցած վերջին երկրաշարժերը վնասել են միայն նախկինում լուրջ կամ չափավոր վնասված շենքերը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,4 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ Նոր երկրաշարժի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, փլուզվել են շինություններ։