Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների առանցքում էին ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր:
«Բարձր գնահատելով Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը՝ նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ առաքելությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում կայունության և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ապրող բնակչության անվտանգության ապահովման գործում:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի անվտանգային ընդհանուր իրավիճակին և խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի և միջազգային ջանքերին»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԵՄ խորհուրդը հայտնել էր փետրվարի 20-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) գործարկման մասին՝ դաշինքի անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին հայտնել է Հայաստանի սահմանամերձ շրջաններ երկու տարի ժամկետով քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշման մասին: Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA Armenia) կներառի մինչև 100 աշխատակից, ներառյալ մոտ 50 անզեն դիտորդ: