Найти тему
Հայաստանն այսօր

Ադրբեջանի բռնապետ Ալիևը կրկին կեղծ հայտարարություններ է արել. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն արձագանքել է Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին:

«Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի բռնապետ Ալիևը կրկին հանդես է եկել կեղծ հայտարարություններով»,-Telegram-ի իր էջում գրել է Բեգլարյանը:

Պետնախարարի խորհրդականն ընդգծել է, որ 1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնք Ալիևը հիշատակել է քննարկման ընթացքում, երկու կողմերին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն Ադրբեջանը չի կատարել բանաձևերը և շարունակել է մարտական գործողությունները:

Նա ընդգծել է, որ բանաձևերով Լեռնային Ղարաբաղի ուժերը ճանաչվել են որպես հակամարտության կողմ, բայց Հայաստանը՝ ոչ:

Բեգլարյանը նաև նշել է, որ Խոհրդային Ադրբեջանի կառավարության պաշտոնական փաստաթղթերում նշված է եղել, որ միայն 17 մզկիթ է գտնվել Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, մինչդեռ Ալիևն ասում է, որ 67 մզկիթ է եղել:

«Մենք միտումնավոր ոչ մի մզկիթ չենք քանդել, Շուշիին անգամ վերականգնել ենք այնպես, ինչպես եկեղեցիները: Մենք որքան կարողացել, պահպանել ենք դրանք»,-գրել է Արտակ Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի է ունեցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանավեճի ընթացքում, մասնավորապես, հայտարարել է, որ Լաչինի միջանցքն արդեն 70 օր է՝ արգելափակված է մնում:

Հայտնել էինք նաև, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկել էր փետրվարի 17-ին: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում