Найти тему
Հայաստանն այսօր

Մյունխենյան եռակողմ հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը: Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 17-ին, որի աշխատանքը կտևի մինչև փետրվարի 19-ը:

Համաժողովի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Խորհրդաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությունը պանելային քննարկմանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում