Найти тему
Հայաստանն այսօր

Խաղաղության պայմանագրի մեր առաջարկներին դեռ որևէ պատասխան չենք ստացել. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական կողմին է փոխանցվել խաղաղության պայմանագրի մեր տարբերակը, բայց արձագանք որպես այդպիսին դեռ չունենք։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ արձագանքը, հավանաբար, որոշ ժամանակ հետո կլինի։

«Ուզում եմ արձանագրել, որ այս ընթացքում եղել է «խաղաղության» պայմանագրի երեք շրջափուլ, այսինքն՝ նրանք են արձագանք տվել, մենք ենք արձագանքել և այդպես շարունակ։ Այդ ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք»,-հայտարարեց նա։

Նա հայտնեց, որ անկախ առերես հանդիպումներից այդ աշխատանքները նաև իրականացվում են փաստաթղթային ուղղությամբ։ «Այդ աշխատանքները միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում։ Վերջերս, օրինակ, ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների գործունեության կանոնակարգի նախագիծ, իսկ այն առաջարկները, որոնք մենք արել ենք նախկինում՝ կոմունիկացիաների բացման կամ սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, այդ բոլոր առաջարկները մնում են ուժի մեջ», - հայտարարեց կառավարության ղեկավարը։

Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը օրեր առաջ հայտարարել էր, որ հայկական կողմն աշխատում է խաղաղության պայմանագրի հստակ լինելու ուղղությամբ: «Գիտեք, որ մենք կողմ ենք, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ՝ հաշվի առնելով մեր առնվազն երեք տարվա փորձը: Եվ նաև հնարավորինս ամեն ինչում՝ հստակություն: Հայկական կողմի մոտեցումը սա է և այդ ուղղությամբ ենք աշխատում»,- ասել էր նա ԱԺ-ում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում