Найти тему
Հայաստանն այսօր

Զախարովան հույս է հայտնել, որ Բաքուն և Երևանը կիրականացնեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված նախաձեռնությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում կիրականացվեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված նախաձեռնությունները։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել առանցքային տարածաշրջան, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ խաղաղության նախաձեռնությունները, որոնք մշակվել են կողմերի (Հայաստան և Ադրբեջան․ խմբ․) Ռուսաստանի հետ միասին, կիրականացվեն»,- ասել է նա։

Զախարովան նենգություն է համարում Հարավային Կովկաս ներթափանցելու Արևմուտքի փորձերը։ Նրա կարծիքով՝ նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։

«Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ արևմտյաններն է՛լ ավելի են ակտիվացել»,- հավելել է դիվանագետը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ «հակամարտությունների թիվն ինչ-ինչ պատճառներով ավելանում է հավաքական Արևմուտքի նախաձեռնությամբ»։

«Ոչ ոք չի կարողանա ասել, որ այնտեղ, որտեղ եղել է հավաքական Արևմուտքի ոտքը, ձեռքը կամ միտքը, այնտեղ ավելի լավ է դարձել»,- հայտարարել է Զախարովան։

Փետրվարի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում, որն իրականացվում է Եվրամիության կողմից, բազմաթիվ հարցեր է առաջացնում դրա լեգիտիմության առումով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում