Найти тему
Հայաստանն այսօր

Քաղաքացիները գնահատել են Ամուլսարի հանքի վերագործարկման վերաբերյալ կառավարության որոշումը

Ըստ փետրվարի 22-ին ստորագրված պայմանագրի՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը կշահագործի Ամուլսարի հանքը, որից ՀՀ-ն 12,5 տոկոսի մասնաբաժին կունենա, իսկ պետբյուջե տարեկան 30-40 միլիարդ դրամի եկամուտ կլինի։

Արդյո՞ք քաղաքացիները կողմ են Ամուլսարի հանքի շահագործման՝ կառավարության որոշմանը։

Armenia Today֊ը քաղաքացիներից հետաքրքրվել է նաև, թե արդյոք վտանգավոր չե՞ն համարում հանքի շահագործումը և մտավախություն չունե՞ն, որ այն կարժանանա Սոթքի հանքի ճակատագրին՝ հաշվի առնելով, որ հանքը գտնվում է սահմանից շատ քիչ հեռավորության վրա։

Armenia Today-ի հարցված մեծ մասը կողմ չէր հանքի շահագործմանը:

«Իհարկե, ո՛չ, էկոլոգիան սարսափելի վիճակում է, չէ՛, ուզում եմ առողջ ապրենք»,- նշեց քաղաքացիներից մեկը:

Հարցվածներից մի մասն էլ կողմ էր շահագործմանը: Հանքի շահագործման կողմնակիցները հիմնականում գտնում են, որ դա ֆինանսապես դրական կանդադառնա Հայաստանի բյուջեյի վրա:

«Միանշանակ կողմ եմ, Հայաստանը չի կարող առանց հանքարդյունաբերության առաջ գնալ: Հատկապես, որ պետությունն ունի իր բաժինն այդտեղից: Սա ճիշտ լուծում է: Իսկ ինչ վերաբերվում է էկոլոգիական հարցերին, իհարկե, լավ կլիներ, որ կարիքը չլիներ հանքարդյունաբերության, բայց հիմա այդ վիճակում չենք: Շատ կարևոր եմ համարում շահագործումը, հիմա այլ եկամուտներր չունենք և կարևոր է հատկապես ֆինանսական առումով. մենք կօգտվենք դրանից և ոտքի կկանգնեցնենք բանակը», - ընդգծեց քաղաքացիներից մեկը:

Կային քաղաքացիներ, ովքեր հստակ պատասխան չկարողացան տալ. «Հա՛մ կողմ եմ, հա՛մ ոչ. կողմ չեմ, որովհետև էկոլոգիան թունավորվում է, բայց երևի ղեկավարությունը ճիշտ կորոշի, թե մեր ժողովրդին դա էկոլոգիապես, թե՞ ֆինանսապես է պետք, բայց որ պետությանը եկամուտ է տալիս, ֆինանսավորում է, դա արդեն լավ է: Մտավախությունը միշտ կա, որ մի բան անում ես, կարող է հետո անցնի թշնամուն»,- նկատեց հարցված քաղաքացիներից մի կին:

Հավելենք նաև, որ կային քաղաքացիներ, որոնք ընդհանրապես տեղյակ չէին հանքի շահագործման մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում