Անցյալ շաբաթ Հայաստան ժամանած ԱՄՆ Մաքսային և սահմանային պահպանության ծառայության (CBP) ներկայացուցիչները քննարկել են սահմանային անվտանգության հարցերում համագործակցության հնարավորությունները, եղել նաև սահմանային հատվածում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Հայաստան կատարած այցի ընթացքում կառույցի պաշտոնյաները հանդիպել են Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին, այլ պաշտոնատար անձանց, դիտարկել աշխատանքները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ու հայ-վրացական սահմանի Բագրատաշեն անցակետում։
Նշվում է, որ նրանք եղել են նաև հայ-ադրբեջականական սահմանի Երասխի հատվածում։
Դեսպանությունից հայտնել են, որ այս կառույցի միջազգային նախաձեռնությունները նպատակաուղղված են օրինական առևտուրն ու ուղևորությունները դյուրացնող միջազգային համաձայնագրերի իրականացմանը, ինչպես նաև այդ նպատակին ծառայող համատեղ քայլերի ձեռնարկմանը։