Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հաշմանդամություն ունեցող 114 զինծառայող խնդրի առաջ է․ ի՞նչ է առաջարկում կառավարությունը

44-օրյա պատերազմից հետո հաշմանդամություն ձեռք բերած 114 զինծառայողներ, որոնք վերափորձաքննությունից հետո հաշմանդամության 2-րդ կարգի փոխարեն 3-րդ կարգ են ստացել, խնդրի առաջ են կանգնել, քանի որ այլևս չեն ստանում 2-րդ կարգի համար նախատեսված աջակցությունը։ Կառավարության կանխատեսմամբ՝ այս թիվը կարող է ավելանալ՝ հասնելով 160-ի։

Աշխատանաքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն այսօր առաջին ընթերցմամբ ԱԺ-ին ներկայացրեց կառավարության նախագիծը՝ շեշտելով, որ ներկայացվող նախագծերի նպատակը հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարելավումն է, ինչը բխումէ նաև վերը նշված խնդրից։

Նա, մասնավորապես, շեշտեց, որ գործող օրենքով հիմնադրամի շահառու է հանդիսանում նաև այն զինծառայողը, որը մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն:

«Ըստ այդմ, ամսական հավասար վճարումները կատարվում են առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության ժամանակահատվածի համար, իսկ եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվում է երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա ամսական հավասար վճարումները դադարեցվում են՝ հարուցելով շահառուների դժգոհությունը։ Այս խնդրի առաջ է կանգնել 114 շահառու, որոնք վերափորձաքննությունից հետո երկրորդի փոխարեն երրրոդ կարգի հաշմանադամության կարգ են ստացել»,- ասաց նա։

Նա ներկայացրեց, թե նշված դեպքում որքան են նվազում արդեն երրորդ կարգի հաշմանադամություն ունեցող զինծառայողների եկամուտները։

«Երկրորդ խմբի հաշմանդամը հիմնադրամից ստանում է 200 000 դրամ, պայմանագրային, զորահավաքային կազմերի և կամավորների դեպքում՝ 150 000 դրամ, 100 000 դրամ՝ պարտադիր ժամկետային կազմի դեպքում։ Իսկ վերափորձաքննության արդյունքում, երբ երրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվում, սպայի դեպքում վերոնշյալ գումարը դառնում է շուրջ 74 000 դրամ (նվազում է շուրջ 2.7 անգամ), պայմանագրային և զորահավաքային զինծառայողի, կամավորի դեպքում՝ 66 000 դրամ (նվազում է շուրջ 2.3 անգամ), պարտադիր ժամկետայինի դեպքում՝ 66 000 դրամ (նվազում է շուրջ 1.5 անգամ)»,- ասաց նա՝ շեշտելով, որ գործող օրենքի դրույթները սահմանափակում են հիմնադրամի հնարավորությունները, հիմնադրամը չի կարողանում, իր առաքելությանը համահունչ, որոշակի լրացուցիչ աջակցության ծրագրեր իրականացնել շահառուներին:

Հաշվի առնելով վերը նշվածը` ներկայացվող նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել և հաշմանդամության երրորդ կարգ ստացած զինծառայողներին տրամադրվող փոխհատուցումների նոր չափ սահանել։

«Դրամական աջակցության չափը սպայական կազմի զինծառայողներին առաջարկվում է սահմանել 75 000 դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին, կամավորականներին` 50 000 դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին` 25 000 դրամ»,- ասաց նա։

Փոխնախարարը շեշտեց, որ այս չափերը սահմանվել են՝ հաշվի առնելով, որ նշված անձինք պետությունից ստանալու են նաև զինհաշմանդամության կենսաթոշակ և համապատասխան պարգևավճար։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, արձագանքելով ներկայացված նախագծին, նշեց․ «Փորձում ենք ինչ-որ կերպ փոխհատուցել վերափորձաքննությունից հետո հաշմանդամության կարգ 3 ստացած մեր զինծառայողների վիճակը, բայց իրականում՝ վատթարացնում ենք ֆինանսական վիճակը»։

Ավելի ուշ ձայների 59 կողմ, 37 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում