Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ այսօր կայացել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտության համատեքստում։
Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տարբեր մակարդակով նման հանդիպումներ անցկացվել են բազմիցս՝ տեխնիկական, հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի քննարկման նպատակով։ Ընդգծվում է, որ Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր հանդիպման մասնակիցները չեն քննարկել։ «Հանդիպման արդյունքներով ադրբեջանական կողմի արած մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում։ Արցախի Հանրապետությունը պահպանում է հանձնառությունն իր ժողովրդի՝ ինքնորոշման և անկախության ուղու ընտրությանը, որն ամրագրվել է 1991 թ․ հանրաքվեի ժամանակ»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ անհետաձգելի հարցերի լուծման, մասնավորապես, Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նմանատիպ քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցությունները, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք