Найти в Дзене

Ինչպե՞ս խոսել հոգեկան առողջության մասին

Հոգեկան առողջությունը մեր բարեկեցության նույնքան անբաժան մաս է, որքան ֆիզիկական առողջությունը։ Թերեւս վերոգրյալ ապացուցելի պնդումը հանրայնացնելը կարող էր մասամբ անհարկի դարձնել այս հոդվածը, եկեք համարենք, որ այն մասնակիորեն հենց այդ նպատակին է ծառայում։ Ի՞նչ է հոգեկան առողջությունը, եւ ի՞նչ չէ Հոգեկան առողջությունը ներառում է հուզական, հոգեբանական եւ սոցիալական բարօրությունը, անդրադառնալով նրա վրա, թե ինչպես ենք մտածում, զգում եւ գործում` կանխորոշելով այն, թե ինչպես ենք կարգավորում սթրեսը, հաղորդակցվում այլոց հետ եւ ընտրություն կատարում։ Նույնականացում թե խտրականություն Հաճախ որեւէ մեկի հոգեվիճակը բնութագրելու համար օգտագործվող բառերն ընտրվում են առանց նախնական քննության կամ որեւէ հոգատարության, եւ որպես արդյունք ձեւավորվում են արտահայտություններ եւ բառեր, որոնք արմատապես խտրական են եւ վիրավորական։ Այսօր հանրայնորեն լայն տարածում գտած արտահայտությունների եւ, թվում է, թե բնորոշող բառերի մեծամասնությունը ցավալիորեն դասվում են վերը նշված խմբին։ Թվարկվածին ավելացրեք արդիականությ
Оглавление

Հոգեկան առողջությունը մեր բարեկեցության նույնքան անբաժան մաս է, որքան ֆիզիկական առողջությունը։ Թերեւս վերոգրյալ ապացուցելի պնդումը հանրայնացնելը կարող էր մասամբ անհարկի դարձնել այս հոդվածը, եկեք համարենք, որ այն մասնակիորեն հենց այդ նպատակին է ծառայում։

Ի՞նչ է հոգեկան առողջությունը, եւ ի՞նչ չէ

Հոգեկան առողջությունը ներառում է հուզական, հոգեբանական եւ սոցիալական բարօրությունը, անդրադառնալով նրա վրա, թե ինչպես ենք մտածում, զգում եւ գործում` կանխորոշելով այն, թե ինչպես ենք կարգավորում սթրեսը, հաղորդակցվում այլոց հետ եւ ընտրություն կատարում։

Նույնականացում թե խտրականություն

Հաճախ որեւէ մեկի հոգեվիճակը բնութագրելու համար օգտագործվող բառերն ընտրվում են առանց նախնական քննության կամ որեւէ հոգատարության, եւ որպես արդյունք ձեւավորվում են արտահայտություններ եւ բառեր, որոնք արմատապես խտրական են եւ վիրավորական։ Այսօր հանրայնորեն լայն տարածում գտած արտահայտությունների եւ, թվում է, թե բնորոշող բառերի մեծամասնությունը ցավալիորեն դասվում են վերը նշված խմբին։

Թվարկվածին ավելացրեք արդիականությունը կորցրած ախտորոշումները, դրանք վիրավորական երանգավորմամբ օգտագործման փորձը եւ մասնագիտական-հանրային դիսկուրսի բացակայությունը կամ դրա բովանդակությունը, եւ կստանանք այն, ինչ կարող ենք դիտարկել այսօր մեր շուրջ։

Խտրակա՞ն, ինչպե՞ս

Մտաբերեք առաջին արտահայտությունը կամ բառը, որը նույնականացնում եք հոգեկան առողջության որեւէ խնդրի հետ։ Հիշեք, թե ինչ հանգամանքներում եւ ինչ երանգավորմամբ եք լսել այն վերջին անգամ։ Մեծ հավանականությամբ դա եղել է վիրավորանք, բնականաբար, բացասական երանգավորմամբ։ Եթե նկարագրությունը չհամապատասխանեց, փորձեք հաջորդ բառը կամ արտահայտությունը, ցավոք, հավանականությունը մեծացավ։

Հիմա փորձեք մի փոքր վերլուծել այդ բառը կամ արտահայտությունը, արդյո՞ք այն իրոք բնութագրում է հոգեկան առողջության որեւէ առանձնահատկություն կամ խնդիր, ինչպե՞ս այն ճիշտ կլիներ օգտագործել։ Գուցե, պե՞տք չէ այն ընդհանրապես օգտագործել։

-2

Կյանքը ստիգմայի օրերին

Պիտակավորման, դասակարգման, տեսակավորման եւ պախարակման պարարտ միջավայր են ձեւավորում եւ այդ միջավայրից ակտիվորեն սնվում են ստիգմաները․ պատկերացումներ, տեսակետների համախումբ, հանրային քննարկման մաս կամ պարզապես մոլորություն, որն ակտիվորեն նկարագրում է մարդուն կամ երեւույթը՝ վերագրելով հատկանիշներ՝ բնավորության գծեր, կանոններ, վարքի առանձնահատկություններ եւ այլն, որոնք ոչ միայն չեն համապատասախանում իրականությանը, այլեւ համառորեն խաթարում են թիրախում հայտնվածի կենցաղը, վատթարացնում կյանքի որակը եւ հաճախ, նույնիսկ, վտանգում նրա կյանքը։

Ակտիվորեն շրջանառվող ստիգմաները (խարանները), որոշակի առանձնահատկություններով պայմանավորված, արդեն իսկ պիտակավորված անձանց արդյունավետորեն մեկուսացնում են սոցիալական կյանքից՝ երբեմն ստեղծելով անհաղթահարելի պատնեշներ։ Այդ պատնեշներին կարող ենք դասել սոցիալական կյանքի սահմանափակումը, աշխատանքի ընդունման դժվարություններն ու երբեմն դրա անհնարինությունը։

-3

Հոգեկան առողջության ստիգմաները հիմք են հանդիսանում խտրական վերաբերմունքի եւ դրա արդարացման համար։ Սովորաբար սրանք դասակարգում են 3 հիմնական տեսակների՝

  • Հանրային ստիգմա, որն արտահայտվում է բացասական եւ խտրական վերաբերմունքով հոգեկան առողջության առանձնահատկությունների նկատմամբ։
  • Ինքնախարանում․ սա հոգեկան առողջության առանձնահատկություն ունեցող անձի՝ ինքն իր նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքն է, այդ թվում՝ ամոթը։
  • Համակարգային ստիգմա․ այն ներառում է իշխանությունների կամ կազմակերպությունների գործունեության արդյունքում հոգեկան առողջության առանձնահատկություն ունեցող անձանց նկատմամբ միտումնավոր կամ ակամա դրսեւորվող սահմանափակումները։ Օրինակ՝ հոգեկան առողջության հետազոտությունների քիչ ֆինանսավորում կամ այլ առողջապահական ծառայությունների համեմատ հոգեկան առողջության ավելի քիչ ծառայություններ։

Հոգեկան առողջության ստիգմաները, թիրախավորելով հոգեկան առողջության առանձնահատկություններ ունեցող անձանց, բացասական կերպով են անրադառնում նաեւ նրանց ընտանիքների եւ մտերիմների վրա։ Ստիգմաները հանգեցնում են՝

  • հուսահատության,
  • ցածր ինքնագնահատականի,
  • հոգեբուժական ախտանիշների ավելացման,
  • սոցիալական հարաբերությունների դժվարությունների,
  • շարունակական բուժման հավանականության նվազեցման եւ
  • աշխատանքային խնդիրների ավելացման։

Ինչպե՞ս խոսել հոգեկան առողջության մասին

Յուրաքանչյուր արտաբերված բառը կարող է ծանրակշիռ հետեւանքներ ունենալ, յուրաքանչյուր խտրական արտահայտությունը կարող է ավելի ու ավելի մեկուսացնել մեզ միմյանցից։

-4

Փորձեք հետեւել այս ուղեցույցին՝

  • Մի քննադատեք եւ մի տվեք գնահատականներ․ յուրաքանչյուրը պետք է ունենա քննադատությունից ազատ տարածք։
  • Խոսեք եւ լսեք այնքան, որքան անհրաժեշտ է։ Մի պահանջեք մանրամասներ, եթե ձեր զրուցակիցը պատրաստ չէ խոսել դրանց մասին, դա հսկայական վստահություն եւ խիզախություն է պահանջում։
  • Մի փորձեք ախտորոշել կամ կռահել դիմացինի հույզերը։ Դուք, ամենայն հավանականությամբ, հոգեկան առողջության ոլորտի մասնագետ չեք, խոսակցության ժամանակ հաշվի առեք դա, որքան էլ որ մեծ լինի աջակցելու ցանկությունը։
  • Տվեք հարցեր, որոնց հնարավոր է պատասխանել։ Հարցրեք «Ինչպե՞ս ես քեզ զգում», «Երեւի այդքան էլ լավ չես զգում քեզ»-ի փոխարեն։ Տվեք հարցեր առանց պնդման կամ կանխատեսման։
  • Խոսեք բարեկեցության մասին։ Խոսեք սթրեսը նվազեցնելու եւ խնամքի մասին, առողջ դիետայի, մարզվելու մասին եւ թե ինչպես առողջ քունը կարող է բարելավել հոգեկան առողջությունը եւ նպաստել բարեկեցությանը։
  • Լսեք․ եղեք համբերատար եւ համոզվեք, որ ճիշտ եք հասկացել, փորձեք հասկանալ թե ինչպես է ձեր զրուցակիցն իրեն զգում։

Ի՞նչ անել

Փոփոխությունը սկսվում է յուրաքանչյուրիցս, յուրաքանչյուրս կարող ենք նպաստել ավելի հոգատար միջավայրի ձեւավորմանը։ Հոգեկան առողջության իրազեկումն անկյունաքարային դեր է կատարում այդ միջավայրի ձեւավորման մեջ։

Հոգեկան առողջության իրազեկումը կարող է օգնել միլիոնավոր մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են հոգեկան առողջության առանձնահատկությունների հետ կամ ունեն դրանցից մեկը։ Ըստ համաշխարհային վիճակագրության՝ յուրաքանչյուր 10-ից առնվազն 1-ն ունի հոգեկան առողջության խնդիր, որոնցից մեկ-երրորդը՝ դեպրեսիա։

Հոգեկան առողջության խնդիրներն ավելի տարածված են, քան ընդունված է դրանց մասին խոսել։ Իրազեկումն օգնում է ավելի լավ հոգ տանել հոգեկան առողջության մասին, ժամանակին դիմել մասնագիտական աջակցության համար եւ կանխել խնդիրների եւ հիվանդությունների հետագա զարգացումը։

Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնությունն իրականացնում է իրազեկման ծրագրեր եւ արշավներ, գործարկելով համագործակցության հարթակ հոգեկան առողջության մասնագետների համար՝ հոգեկան առողջության մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։

Նախաձեռնությանը միանալու համար անցեք այս հղումով։