Найти тему
Armenia Today

ԵՏՄ-ում Էներգետիկայի ոլորտի ընդհանուր շուկաների ձևավորումը գերակայությունների թվում է․ Փաշինյան

Միանգամայն ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում էլեկտրաէներգիայի, նավթի, գազի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորումը գերակայությունների թվում է։ Այս մասին հոկտեմբերի 14-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով։ Նրա խոսքով՝ էներգետիկ ոլորտում ընդհանուր ոլորտային շուկաների ձևավորումը ոչ միայն ԵԱՏՄ պայմանագրի դրույթների կատարման խնդիր է, այլ անհրաժեշտ պայման տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք իրացման համար։ Փաշինյանի դիտարկմամբ՝ նշվածը կանխորոշում է այդ շուկայի գործունեության սկզբունքների և մեխանիզմների մշակումը, որոնք ենթադրում են էներգետիկ ոլորտում ԵԱՏՄ երկրների հնարավորությունների և շահերի տարբեր հաշվառում: Ինչպես նշել է Փաշինյանը, կարևոր է ընդգծել կողմերի աշխատանքը բանավիճային հարցերի շուրջ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը։ Նա նշել է, որ Երեւանում այդ հարցերը  ողջամիտ ժամկետներում լուծելու հույս ունեն։ «Մենք վստահ ենք, որ երկարաժամկետ խնդիրների տեսանկյունից կշահեն բոլոր երկրները, կշահի տնտեսական միությունը»-,-ասել է կառավարության ղեկավարը: Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացումը միության առաջնահերթություններից մեկն է, որի նպատակն է ներքին շուկաների գործունեությունն ապահովել առանց բացառումների և սահմանափակումների, այդ թվում՝ առանց արգելքների։ «Այս ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը կամրապնդի Միության գործունեության հիմքերը, իսկ խոչընդոտների բացակայությունը կբարձրացնի ոչ միայն միմյանց նկատմամբ պետությունների վստահության մակարդակը, այլև կբարձրացնի մրցունակությունն արտաքին շուկաներում»,-ասել է նա։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ թվային տեխնոլոգիաների ներդրումը եւս կնպաստի խոչընդոտների նվազեցմանը կամ ամբողջական վերացմանը: Այսօրվա դրությամբ, նրա կարծիքով, արդիական է մնում Միության ներքին շուկայի պաշտպանության հարցը՝ երրորդ երկրների կողմից տնտեսական ճնշման հետեւանքով առաջացած բացասական ազդեցության բացահայտման դեպքում: Այս համատեքստում պատասխան միջոցների մշակումը, ըստ նրա, կարևոր տեղ ունի ինչպես Եվրասիական, այնպես էլ ցանկացած տարածաշրջանային ինտեգրման օրակարգում։ «Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցության՝ այս հարցում ընդհանուր մոտեցում մշակելու ուղիներ գտնելու նպատակով՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ պետությունների փորձը և միջազգային իրավունքը։ Ժամանակակից փուլում միջազգային հանրության առջեւ ծառացած հարցերից մեկը կլիմայական փոփոխություններն են, որոնք ազդում են ոչ միայն տնտեսության, այլեւ սոցիալական գործընթացների վրա»,-նշել է նա՝ կարևորելով  կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանն ուղղված միջոցառումների մշակման եւ ձեռնարկման փոխգործակցությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Միջոցառումը տեղի է ունենում տեսակոնֆերանսի ռեժիմում։ Բացի Եվրասիական տնտեսական միության երկրների առաջնորդներից, միջոցառմանը մասնակցում են նաև միությանը կից դիտորդ պետությունների՝ Կուբայի և Ուզբեկստանի նախագահները: Օրակարգում 10 հարց է: Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարներին կզեկուցվի ԵՏԲԽ 2020 թվականի դեկտեմբերի 11-ի հանձնարարականի կատարման վերաբերյալ հարցը, որը վերաբերում է գազի շուկային։  Մասնավորապես, ներքին սպառման համար երրորդ երկրներից գազի փոխադրման սակագնի սահմանման հարցը։ Օրակարգում են ԵԱՏՄ գլոբալ կլիմայական օրակարգի, ԵԱՏՄ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման երկրորդ փուլին անցնելու, զգայուն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին հարցերը, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխման մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի կողմից:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#ԵՏՄ #Նիստ #Փաշինյան