Найти тему
Armenia Today

Պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է. արդարադատության նախարար

Պետության ղեկավարի լուսանկարը պետական խորհրդանիշ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ աշխատանքային գործունեության ժամանակ նայելով լուսանկարին՝ հիշում է, որ պետք է ազնիվ, անաչառ լինել և պահպանել այն բոլոր պահանջները, որ իրենց առաջ դրել է վարչապետը: Հարցին, թե զրուցո՞ւմ է նկարի հետ, թե՝ ոչ, Անդրեասյանը պատասխանեց. «Եթե դուք նկարների հետ զրուցում եք, ես նկարների հետ չեմ զրուցում: Բայց խորհրդանիշներն ինձ օգնում են հիշել այն արժեքները, ինչի համար ես աշխատում եմ»: Անդրեասյանը նաև ընդգծեց, որ դրոշը, զինանշանը, վարչապետի լուսանկարն արժեք է համարում, իսկ արժեքները պետք է հարգել ու առաջնորդվել դրանցով: Լրագրողի դիտարկմանը, թե նման բան Սահմանադրության մեջ նշված չէ, նախարարը պատասխանեց, որ հաճախ կան որոշակի ներքին մղումներ, ցանկություններ, որոշումներ, որոնք անում ես ոչ թե Սահմանադրությունից բխելով, այլ արժեհամակարգից ելնելով: Հիշեցնենք, որ նախկինում Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավորը դեմ էր այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարները աշխատասենյակներում փակցնելուն: Նա ասում էր, որ նրա ենթակաները նայում են նրա լուսանկարին ու հրահանգներ են ստանում նրանից:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Կարեն #Անդրեասյան Արդարադատության նախարար