Найти в Дзене
Armenia Today

Պետք է սպասել կառավարության որոշմանը․ Բադասյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

Մենք ամեն ինչ անում ենք, որ բեռնափոխադրումները Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի վարորդներն իրականացնեն հնարավորինս հարմարավետ, հավելյալ խնդիրներ չառաջանան, իսկ վերջնական լուծումն ավելի համալիր գործողություն է ենթադրում, որի շուրջ կառավարությունն աշխատում է։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը։

Նա նշեց, որ սահմանային իրավիճակը շատ զգայուն է, պարունակում է ազգային անվտանգության հարցեր, հետևաբար անհրաժեշտ է սպասել կառավարության համապատասխան որոշմանը։ Լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք մաքսակետ տեղադրել Որոտանի հատվածում, Բադասյանն ասաց, որ ՀՀ-ն իր գործառույթներն իրականացնում է բավարար ենթակառուցվածքների միջոցով, այսինքն՝ մենք կարիք չունենք որևէ տեղ մաքսակետ տեղադրելու։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածում՝ Որոտան գյուղի մոտ, բերման էր ենթարկել երկու իրանցի վարորդների: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 12-ին, ադրբեջանական ոստիկանությունը ճանապարհի այս հատվածում անցակետ էր հիմնել և սկսել էր կանգնեցնել իրանական համարներով բեռնատարները: Գորիս-Կապան ճանապարհի այս հատվածում իրավիճակի կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Խորհրդային Հայաստանի քարտեզներին՝ հայտարարելով, որ Հայաստանը չի նահանջի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր ռազմավարությունից:

#Ռուստամ Բադասյան #Գորիս-Կապան ճանապարհ

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում